Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները փետրվարի 10-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի անդամներին Սիրիայի վերաբերյալ բանաձեւի նոր նախագիծ են ներկայացրել, որն ամբողջությամբ սատարում է Արաբական պետությունների լիգայի` երկրում արյունահեղությունը դադարեցնելու նախագծին, եւ ընդհանուր գծերով նման է այն տեքստին, որը փետրվարի 4-ին արգելափակվել էր Ռուսաստանի եւ Չինաստանի կողմից:

Սաուդյան նախագիծը պարունակում է բռնությունը դադարեցնելու երկու կողմերին էլ ուղղված կոչ, սակայն այդ դեպքում էլ հիմնական մեղքը բարդվում է Սիրիայի իշխանությունների վրա, որոնք դատապարտվում են մարդու իրավունքների եւ կառուցողական ազատության շարունակական լայնամասշտաբ եւ պարբերական  խախտումների համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Reuters-ին:

Փաստաթղթում կոչ է պարունակվում պատասխանատվության ենթարկել մարդու իրավունքների խախտման մեղավորներին, ինչպես նաեւ առկա է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին ուղղված առաջարկություն`Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ նշանակելու վերաբերյալ: Նախորդ տեքստում այս կետը չի եղել:

Ժողովը մտադիր է քննարկել սիրիական հարցը փետրվարի 13-ին, երբ այնտեղ ելույթ կունենա մարդու իրավունքների ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Նավի Փիլայը: Բանաձեւի օգտին քվեարկությունը հնարավոր է հաջորդ շաբաթվա սկզբին:

Նախօրեին Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալա բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը հայտնել է, որ Սիրիայի հարցով նախորդ բանաձեւի նախագծի նկատմամբ Ռուսաստանի եւ Չինաստանի կողմից կիրառված վետոն սասանել է ՄԱԿ-ի նկատմամբ վստահությունը:

Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին Ռուսաստանը եւ Չինաստանն արգելափակել էին ԱԽ-ում Սիրիայի հարցով ընդունած բանաձեւի ընդունումը` օգտվելով վետոյի իրավունքից: Մոսկվայում եւ Պեկինում մտավախություն ունեն Սիրիայում այսպես կոչված  «լիբանանյան սցենարի» կրկնվելուց, որի դեպքում կարող է իրականանալ արտաքին ուժային միջամտությունը: