Եկեղեցիների վերաբերյալ նախագիծը մեզ ներկայացվել է, որի վերաբերյալ մենք տվել ենք դիրքորոշում։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 4–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ անդրադառնալով ՔՊ–ականների օրենսդրական նախաձեռնությանը, որով ամրագրվում է, որ Եկեղեցիները չեն կարող վաճառվել կամ նվիրվել որևէ մեկին։

Նա համաձայն չէ պնդման հետ, որ նման նախաձեռնությամբ իշխանությունը խառնվում է եկեղեցու գործերին, քանի որ Եկեղեցին ինքը պետք է որոշի իր գույքն ինչպես տնօրինել. «Ես օրինակով կխոսեմ. Եթե դուք սեփականության իրավունքով ձեզ պատկանող գույքը հանձնում եք որևէ այլ սուբյեկտի որևէ օգտագործման նպատակով, դուք որպես սեփականատեր միշտ կարող եք օգտագործման հանդեպ որոշակի պահանջներ և չափորոշիչներ սահմանել, որովհետեւ այդ օբյեկտը ձեր սեփականությունն է։ Դրա համար եմ ասում, որ պետք է հստակ տարանջատել իրավական ռեժիմները, թե կոնկրետ որ օբյեկտի նկատմամբ է այդ կարգավորումը տարածվում և որ օբյեկտի նկատմամբ չի տարածվում։ Որովհետև վարձակալության պայմանագրով այդ թվում հատուցելի կամ անհատուցում, դուք միշտ կարող եք որոշակի պայմաններ սահմանել, ասել, որ պետք է օգտագործվի այսպես, կամ ոչ այսպես»։

Հարցին՝ եթե եկեղեցու շուրջ այս գործընթացները չլինեին, իշխանության մտքով կանցնե՞ր նման նախաձեռնությամբ հանդես գալ, Թովմասյանը պատասխանեց. «Ես մեկ այլ օրինակով խոսեմ,. Խորհրդային Միության փլուզումից հետո բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, միություններ ձեռք են բերել որոշակի իրավունքներ, օբյեկտների նկատմամբ, օրինակ, Գրողների միությունը, Նկարիչների միությունը։ Նրանք էլ այսօր ունեն գրանցված իրավունքներ այդ օբյեկտների նկատմամբ, բայց եթե կհիշեք, որոշակի ժամանակ առաջ Ազգային ժողովը ընդունեց մեկ այլ օրենք, որը կարգավորում էր այս ոլորտը։ Այսինքն այստեղ կարիք չկա տեսնել մի բան, որը առկա չէ։

Պարզապես պետությունը հետևողականորեն նպատակային օգտագործման տրված օբյեկտների նկատմամբ սահմանում է որոշակի չափորոշիչներ, որպեսզի հստակ լինեն փոխադարձ հարաբերությունները»։

Հարցին՝ եկեղեցիներ վաճառելու վերաբերյալ որևէ տեղեկատվություն կամ կասկա՞ծ է, եղել, որ կարիք է առաջացել նման նախաձեռնությամբ հանդես գալ, Կադաստրի կոմիտեի ղեկավարն ասաց, որ նման տեղեկատվություան ինքը չի տիրապետում. «Պետությունը հետևողականորեն շարժվում է այն ուղղությամբ, որ եթե որևէ օբյեկտ տրվել է որևէ նպատակային օգտագործման, պետք է օրենսդրորեն սահմանված լինեն այն կարևոր նախապայմանները, որը թույլ կտա գույքի սեփականատիրոջը վստահ լինել, որ օբյեկտը այդ ուղղությամբ օգտագործվում է։ Այստեղ խնդիրը եկեղեցին չէ, և ես այստեղ որևէ միտում չեմ տեսնում»։