Nestlé ընկերության մանկական կաթնախառնուրդի հարյուրավոր փաթեթներ հանվել են վաճառքից և անվտանգ կերպով ուտիլիզացվել Բութանում՝ երկու խմբաքանակներում հայտնաբերված աղտոտվածության պատճառով: Այս մասին հայտնել է Bhutan Today թերթը:
Ըստ հրապարակման տվյալների՝ Բութանի Սննդամթերքի և դեղամիջոցների վերահսկողության վարչությունը (BFDA) խառնուրդն առգրավել է Թհիմփհուի խոշոր առևտրային կետերից, ինչպես նաև թագավորության մշակութային և զբոսաշրջային շրջաններից՝ Պարոյից և Վանգդուե-Փհոդրանգից: Փորձագետները ծնողներին և խնամակալներին խորհուրդ են տալիս ուշադիր ստուգել խառնուրդի խմբաքանակի համարը, արտադրության ամսաթիվը և պիտանելիության ժամկետը:
Հաղորդվում է, որ փչացած խմբաքանակներն արտադրվել են նախորդ տարվա սեպտեմբերի 7-ին և հունիսի 8-ին: Իշխանությունները նախազգուշացրել են, որ այդ խմբաքանակները կարող են պարունակել ջերմակայուն տոքսին, որն ընդունակ է սննդային թունավորումներ առաջացնել, ինչն էլ հիմք է հանդիսացել տվյալ արտադրանքի անհապաղ ստուգման համար: BFDA-ի ներկայացուցչի խոսքով՝ «այդ խմբաքանակների հետկանչի մասին հանրային ծանուցումից հետո անմիջապես ակտիվացվել են տեսչական ստուգումների և հետկանչի համապետական ծրագրերը՝ երաշխավորելու համար, որ արտադրանքը դուրս կբերվի շրջանառությունից»:
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Nestlé-ն հայտարարել էր 25 երկրներում մանկական սննդի մի քանի խմբաքանակների, այդ թվում՝ SMA, BEBA և NAN կաթնախառնուրդների հետկանչի մասին՝ դրանցում սրտխառնոց և փսխում առաջացնող տոքսինի հնարավոր առկայության պատճառով։ Միևնույն ժամանակ, Nestlé-ն պնդում է, որ մինչ օրս վարակման կամ հետկանչված որևէ մթերքի հետ կապված ախտանիշների ոչ մի դեպք չի հայտնաբերվել:





























