Գործող օրենքներով նախատեսված է սահմանափակում Սևան ազգային պարկի տարածքում 1905 մ նիշից ներքև կառուցապատման իրականացման։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 4–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ անդրադառնալով նրան, որ օրերս նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին պատկանող անշարժ գույքի պարսիպներն էին քանդվում։

«1905 մ նիշը սահմանված է որպես այն նիշ, որտեղ Սևանա լճի ջրի ազդեցությունը կարող է հասնել։ Մինչև այդ նիշը կա ու նախկինում էլ գործել է օրենսդրական արգելք, և եթե ես չեմ սխալվում, մինչև այդ նիշը եղած կառուցապատումների ապամոնտաժման մասին է խոսքը։ Եթե օրենքի տրամաբանությանը նայենք, 1905 մ նիշից ներքև որևէ կառուցապատում պետք է չլինի։

Ես այս պահին տեղեկատվություն չունեմ, թե ինչ շինություններ են քանդվել, կան այդպիսիք, թե ոչ»։

Անդրադառնալով իր և իր գլխավորած կառույցի նախկին աշխատակցի, նրա ամուսնու ծեծի հայտնի պատմության գործին, որով վարույթ էր հարուցվել, Սուրեն Թովմասյանն ասաց. «Քրեական վարույթ էր նախաձեռնվել, որի շրջանակում առգրավվել է իմ հեռախոսը, ուսումնասիրվել է իմ հեռախոսի պարունակությունը և դրա շրջանակում ես ներգրավվել էի որպես տուժող։ Դրանից հետո ես բողոք չեմ ներկայացրել և գործը կարճվել է։ Տուժող եմ ճանաչվել, որովհետև այդ նույն քաղաքացու կողմից, իմ հեռախոսին տարբեր ժամերի ուղարկվել էր տարբեր տիպի հայհոյանքներ, տարբեր տիպի կոչեր, տարբեր բովանդակությամբ։ Այնտեղ ասում էին, որ իմ աներձագն է մասնակից եղել։ Նման բան տեղի չի ունեցել, վստահ եմ»։

Հարցին՝ այդ դեպքում այդ քաղաքացուն ո՞վ էր ծեծել, պաշտոնյան արձագանքեց. «Ես ի՞նչ իմանամ, տեղյակ չեմ, իհարկե նման բան չի կարող լինել, բայց տեղյակ չեմ»։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ 2025–ի սեպտեմբերին Սուրեն Թովմասյանի հրահանգով մի տղամարդու են ծեծի ենթարկել։ Դրանից հետո նաև ԶԼՄ-ները գրել էին, թե ծեծի ենթարկված տղամարդու կնոջ խոսքով՝ իր ամուսնուն 40-50 հոգով ծեծել են Թովմասյանի պատվերով։ Պատճառը եղել է այն, որ կնոջն ազատել են Կադաստրի կոմիտեում աշխատանքից, որից հետո ամուսինը վրդովված հայհոյախառն հաղորդագրություն է ուղարկել Թովմասյանին։