22-ամյա ուզբեկ Ուլուգբեկ Քոդիրովն իրեն մեղավոր է ճանաչել ԱՄՆ նախագահի սպանությունը կազմակերպելու մտադրության մեջ:
Նա պատմել է, որ 2011թ. հուլիսին կապի մեջ է եղել էմիր մականունով մի մարդու հետ, որը ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Ուզբեկստանի իսլամական շարժում» արմատական խմբավորման ներկայացուցիչն էր:
Նրանք քննարկել են ամերիկյան նախագահի սպանության ծրագիրը:
Կոդիրովի խոսքով` իր համար կարեւորը ԱՄՆ նախագահին սպանելը չէր, այլ հեռացնելը, հաղորդում է BBC-ն:
Ընդունելով իր մեղքը` Քոդիրովը խուսափել է ցմահ բանտարկությունից, հայտարարել է նրա փաստաբանը: Այժմ նրան 15 տարվա ազատազրկում է սպառնում:
Ուզբեկստանցի Քոդիրովին բռնել են Ալաբամայում` նախորդ տարվա հուլիսին, երբ նա փորձել է ամերիկյան հատուկ ծառայությունների գործակալից ինքնաձիգ գնել: Այդ պահից նա հսկողության տակ է` առանց գրավի դիմաց ազատվելու իրավունքի:
Ամերիկյան իշխանությունների տվյալներով` Քոդիրովը ԱՄՆ-ում անօրինական է գտնվել: Նա երկիր է մտել ուսանողական վիզայով, բայց այդպես էլ ուսման չի հաճախել: Կալանքի ժամկետը լրանալուց հետո նրան կարող են արտաքսել Միացյալ Նահանգներից, գրում է «Ինտերֆաքսը»:




























