Քաղաքացիները մեր արած աշխատանքը անձամբ զգում են իրենց առօրյայում, բոլոր ուղղություններով։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 4–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախրար Արսեն Թորոսյանը։
Անդրադառնալով նրան, որ ընդդիմադիր թևից նախընտրական այս շրջանում ավելի հավակնոտ ծրագրեր են ներկայացվում, մասնավորապես, 300 000 նոր աշխատատեղի ստեղծում, նախարարն ասաց. «Նախ մեր նախընտրական ծրագիրը սահմանված ժամկետում կներկայացվի հանրությանը և մեր ընտրողներին։ Երկրորդը, եթե ոմանք խոստանում են ինչ-որ բան անել, մենք դա արդեն արել ենք, և վերջին ութ տարիներին մոտ 300,000 աշխատատեղ ենք ստեղծել Հայաստանի Հանրապետությունում։ Այդ թվերը հիմնավորվում են նաև բազմաթիվ անուղղակի այլ ցուցանիշներով՝ աղքատության նվազում, անապահովության համակարգում նվազում, գործազուրկների թվի նվազում, և իրական և գրանցված, և դրանք աներկբա ճշմարտություն են։
Ինչ վերաբերում է ուրիշների խոստումներին, դա իրենց իրավունքն է, ինչքան ուզում են թող խոստումներ տան, ես կարծում եմ մեր բնակչությունը դատարկ և ճիշտ խոստումները և կատարված աշխատանքը ինչ-որ ենթադրություններից կարող է տարբերել։ Էլ չեմ ասում, որ այդտեղ պարզ թվաբանական չասեմ անճշտություններ, բայց տարօրինակություններ կան, որովհետև օրինակ նույն աշխատատեղերի մասով մենք ունենք այնքան ազգաբնակչություն, որ օրինակ, այս պահին Հայաստանում 300 հազար ազատ մարդ, որ կարող է աշխատել, չկա»։
Ինչ վերաբերում է ընդդիմության պնդմանը, որ իշխանությունը ոչ թե 300 հազար նոր աշխատատեղ է ստեղծել, այլ դրանք ստվերում գտնվող աշխատատեղերն էին, որ բերվել են հարկային դաշտ, Արսեն Թորոսյանը նկատեց. «Եթե ինչ-որ մեկը պնդում է, որ մինչ մեր իշխանության գալը կար 300 000 ստվերային աշխատատեղ, դա նախ այդ իշխանության բնութագրիչն է, որ այդպիսի բան եղել է։ Երկրորդը, նույնիսկ աշխատատեղերի ստվերից դուրս գալը շատ կարևոր է, որովհետև դա մարդկանց համար սոցիալական երաշխիքներ է, նաև պետության համար հարկ է։ Եվ երրորդը այդ աշխատատեղերի ճնշող մեծամասնությունը նոր աշխատատեղեր են, որը երևում է նաև այլ անուղղակի ցուցանիշներով՝ տնտեսության աճով, գրանցված գործատուների աճով, միջին աշխատավարձի աճով, աղքատության, անապահովության թվերի իջեցումով»։











