Հունվարի 14-ին Կիպրոսի հարավում հայտնաբերված տղամարդու մարմինը պատկանում է «Ուրալկալիի» նախկին ղեկավար Վլադիսլավ Բաումգերտներին։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Կիպրոսում բրիտանական ռազմաբազաների ոստիկանությանը:

«Մարմինը նույնականացվել է ԴՆԹ անալիզի օգնությամբ։ Այն պատկանում է Վլադիսլավ Բաումգերտներին», - հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը։

Մահվան պատճառը դեռևս պարզ չէ, հավելել են ոստիկանությունում։

Կիպրոսում բնակվող Վլադիսլավ Բաումգերտների անհետացման մասին հայտնի է դարձել հունվարի 11-ին, իսկ կապի մեջ նա դադարել է դուրս գալ հունվարի 7-ից։ Վերջին անգամ նրա բջջային հեռախոսի ազդանշանը ֆիքսվել է դժվարանցանելի տեղանքում՝ զառիթափ ժայռոտ ափին։ Երեք օր անց այդ շրջանում հայտնաբերվել է տղամարդու մարմին, որը, պետերբուրգյան «Ֆոնտանկա» պարբերականի աղբյուրների տվյալներով, պատկանել է Բաումգերտներին։ Ոստիկանությունն այն ժամանակ նրա մահվան մասին չէր հայտնել։

53-ամյա Բաումգերտները «Ուրալկալին» գլխավորել է 2003-ից 2013 թվականներին. նախ եղել է կոմերցիոն տնօրեն, այնուհետև՝ գլխավոր տնօրեն։ 2013 թվականի օգոստոսին նրան ձերբակալել են Մինսկում, ուր նա ժամանել էր այն ժամանակվա վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի հետ կալիումի վաճառքի շուրջ բանակցությունների համար և մեղադրել են լիազորությունների չարաշահման մեջ։ Ինչպես նշում է The Bell պարբերականը, Բաումգերտները պատանդ է դարձել ռուս-բելառուսական «կալիումական պատերազմում»։ Մինչդատական քննչական մեկուսարանում և տնային կալանքի տակ անցկացրած երեք ամիսներից հետո նրան հանձնել են Մոսկվային։