Երևան–Եղվարդ ավտոճանապարհի Դավթաշեն վարչական շրջանում ընկած հատվածը լուրջ խնդիր է դարձել վարորների համար․ նրանք ահազանգում են՝ փոսերի պատճառով վնասում են մեքենաները։

«էդքան հարկ ենք վճարում, մեր հարկերն ու՞ր են գնում բա։ Էդքան գույքահարկ են ենք վճարում, գոնե 1 տոկոսը հատկացնեն, ճանապարհը սարքենք, որ մեր գույքը չավիրենք։ Ինչքան գույքահարկ եմ տալիս, երկու անգամ ավելի շատ էլ արհեստավորներին եմ տալիս, որ նորոգեմ, նորից քշեմ։ Էս ճանապարհին էնքան վթար ա լինում, փոսից փախցնելիս խփում են իրար»,–NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասաց վարորդներից մեկը։

Վարորդները նշեցին, որ ճանապարհի այդ հատվածը մեկ տարուց ավելի է՝ այդ տեսքն ունի։

«Ամեն օր մեքենաները վնասելով գնում–գալիս ենք։ Հենց նոր խփեցի, մեքենաս վնասեցի, գնում եմ արհեստավորի մոտ»,–ասաց վարորդներից մեկը։

NEWS.am–ի խմբագրություն ահազանգած Արկադի Գալստյանն էլ նշեց, որ մեկ տարվա ընթացքում պարբերաբար դիմել է պատկան մարմիններին, սակայն ապարդյուն։

Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի տեղակալ Տիգրան Դարբինյանը NEWS.am–ի հետ զրույցում, անդրադառնալով վարորդների ահազանգին, ասաց․ «Ճանապարհի այդ հատվածում նախորդ տարի մի քանի անգամ փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվել, սակայն ճանապարհը ենթակա է հիմնանորոգման, այդ պատճառով էլ պարբերաբար որոշ հատվածներ քանդվում են։ Հիմա արդեն քաղաքապետարանը պատվիրել է ճանապարհի այդ հատվածի հիմնանորոգման ծրագիրը, մարտ ամսին կունենանք նախագիծը և մրցույթ կհայտարարենք, որպեսզի շինարարական աշխատանքները սկսեն»։