Ֆլորիդա նահանգի Հարավային շրջանի դաշնային դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Ռայան Ուեսլի Ռութին, ով ավելի վաղ մեղավոր էր ճանաչվել 2024 թվականի նախընտրական արշավի ժամանակ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի մեջ։ Այս մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը։
«Ռայան Ռութը դատապարտվել է ցմահ բանտարկության», - ասվում է հեռուստաալիքի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, որտեղ նշվում է նաև, որ դատարանը ցմահ ժամկետին հավելել է ևս յոթ տարվա ազատազրկում։
2025 թվականի սեպտեմբերին դատարանը Ռութին մեղավոր է ճանաչել մեղադրանքի հինգ կետերով, այդ թվում՝ նախագահի թեկնածուի նկատմամբ մահափորձի, դաշնային ծառայողի վրա հարձակման, զենքի և զինամթերքի ապօրինի պահման մեջ։ Ռութը իր մեղքը չի ընդունել։
Ինչպես ավելի վաղ հայտնել է Fox News-ը, Ռութը մահափորձից մեկ ամիս առաջ փորձել է Ուկրաինայում հրթիռային կայան գնել։ Մեղադրող կողմը կարծում է, որ Ռութի կողմից մահափորձը հանպատրաստի չի եղել և դրա նախապատրաստական աշխատանքները տարվել են առնվազն կես տարի։ Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ Ռութը մի քանի անգամ կապ է հաստատել Ուկրաինայի զինված ուժերի հետ և 2022 թվականից հետո ուղևորություններ է կատարել դեպի Ուկրաինա։
2024 թվականի սեպտեմբերի 15-ին Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) հայտնել է նոր հետաքննության մասին՝ կապված Ֆլորիդայի Փալմ Բիչում գտնվող Trump International Golf Club-ի մոտ տեղի ունեցած հրաձգության հետ, որտեղ գտնվում է Թրամփը։ Փալմ Բիչ շրջանի շերիֆ Ռիք Բրեդշոուն հստակեցրել է, որ գոլֆ-ակումբի տարածքի հարևանությամբ գտնվող թփերի մեջ, որտեղ փորձել է թաքնվել Ռութը, հայտնաբերվել է օպտիկական նշանառությամբ AK-47 ինքնաձիգ, կերամիկական սալիկներով երկու ուսապարկ և տեսախցիկ։
Թրամփի դեմ երկրորդ մահափորձը տեղի է ունեցել առաջինից երկու ամիս անց. նրա վրա կրակել են 2024 թվականի հուլիսի 13-ին Փենսիլվանիա նահանգի Բաթլեր շրջանում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Հանրապետականը թեթև վիրավորվել է. վնասվել է նրա ականջը։ Հրաձիգը՝ 20-ամյա ամերիկացի Թոմաս Մեթյու Քրուքսը, լիկվիդացվել է ԱՄՆ Գաղտնի ծառայության աշխատակիցների կողմից, որն իրականացնում է պետության առաջին դեմքերի, նախագահի թեկնածուների և նախկին առաջնորդների պաշտպանությունը։ ՀԴԲ-ն հաստատել է, որ պատահածը դիտարկվում է որպես սպանության փորձ։





























