Փետրվարի 3-ին սպանության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Եղվարդ քաղաքի ավտոկայարանում դանակահարություն է տեղի ունեցել և կա վիրավոր, հաղորդում է Shamshyan.com–ը։

Ժամը 23:10-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Նաիրիի բաժին և հայտնել են, որ «կրծքավանդակի և որովայնի բազմակի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ ժամը 22:10-ի սահմաններում իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։

Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, Նաիրիի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Նարեկ Ղ.-ն է։

Իրավապահները պարզել են, որ նույն օրը ժամը 21:30-ի սահմաններում Եղվարդ քաղաքում՝ ավտոկայանի վարչական տարածքում, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի 31-ամյա Գարիկ Հ.-ի և հիվանդանոց տեղափոխված Նարեկ Ղ.-ի միջև, որի ժամանակ Գարիկ Հ.-ն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Նարեկ Ղ.-ի մարմնի տարբեր մասերին։

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում ՀՀ ՔրՕր-ի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքի տեղեկություններով, Կոտայքի մարզի քրեական և Նաիրիի բաժնի ոստիկանները հայտնաբերել են նաև դեպքի ականատեսներին, որոնց ինքնությունները նախաքննության շահերից ելնելով չեն հրապարակում։