ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունները Աբու Դաբիում ընթացող բանակցություններում պայմանավորվել են 314 գերիների փոխանակման շուրջ, հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։
«Սա վերջին հինգ ամսվա ընթացքում նմանատիպ առաջին փոխանակումն է։ Այս արդյունքին հնարավոր է եղել հասնել մանրամասն և արդյունավետ խաղաղ բանակցությունների շնորհիվ։ Դեռ շատ աշխատանք կա անելու, սակայն նման քայլերը ցույց են տալիս, որ մշտական դիվանագիտական փոխգործակցությունը բերում է շոշափելի արդյունքների և առաջ է մղում Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ջանքերը», — գրել է Ուիթքոֆը X սոցիալական ցանցում։
Նա հավելել է, որ բանակցությունները շարունակվելու են «և առաջիկա շաբաթների ընթացքում սպասվում է հետագա առաջընթաց»։
Փետրվարի 4-5-ը Աբու Դաբիում ընթանում է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների նոր փուլը՝ նվիրված ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցմանը։ Մոսկվայի և Կիևի ներկայացուցիչները բանակցությունների ընթացքի վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ չեն արել։
Աբու Դաբիում ընթացող բանակցություններում ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը։ Ամերիկյան կողմից բանակցություններին մասնակցում են Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշները։ Ուկրաինան բանակցություններում, ի թիվս այլոց, ներկայացնում են Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը և նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլ Բուդանովը։


























