Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը Պարսից ծոցում կանգնեցրել են երկու լցանավ, որոնք, ըստ իրանական իշխանությունների տվյալների, ապօրինի վառելիք են տեղափոխում։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է «Mehr» գործակալությունը։

«ԻՀՊԿ տվյալներով՝ կանգնեցված երկու նավերը ներգրավված են եղել Ֆարսի կղզու շրջակա ջրերում իրականացվող վառելիքի մաքսանենգության մեջ», — տեղեկացնում է գործակալությունը։

«Mehr»-ի հաղորդմամբ՝ լցանավերը տեղափոխել են ավելի քան 1 միլիոն լիտր վառելիք։ ԻՀՊԿ ծառայողները ձերբակալել են անձնակազմի 15 անդամների, ովքեր օտարերկրացիներ են և նրանց հանձնել դատական իշխանություններին։ Ձերբակալվածների ազգությունը չի նշվում։

Գործակալությունը հավելում է, որ այս լցանավերով մաքսանենգությունն իրականացվել է վերջին մի քանի ամիսների ընթացքում՝ հանցավոր ցանցի շրջանակներում։