Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը շուտով կստանա Leonardo Proteus անօդաչու ուղղաթիռը, որն ավարտել է իր առաջին փորձնական թռիչքը։
Գլոբալ ռազմաքաղաքական իրավիճակի փոփոխությունները և առաջատար տերությունների վերազինումը զգալիորեն ազդել են Մեծ Բրիտանիայի՝ Թագավորական նավատորմը ժամանակակից ինքնավար համակարգերով վերազինելու որոշման վրա։ Նոր համակարգի հիմնական տարրը կլինի «Ատլանտյան բաստիոն» ծրագիրը, որը նախատեսում է ինքնավար մարտական համակարգերի կիրառում ամբողջ աշխարհում։
Մասնավորապես, Թագավորական նավատորմը կարող է վերափոխվել տեխնոլոգիական համակարգի, որը կներառի ավանդական և ինքնավար մակերեսային և ստորջրյա նավեր, որոնք կարող են Ատլանտիկայում, Հյուսիսային ծովում և Արկտիկայում հետևել թշնամու ստորջրյա թիրախներին, հայտնում է Տեխկուլտը։ Համակարգի հիմնական տարրը կլինի Leonardo ընկերության մշակած Proteus անօդաչու ուղղաթիռը, որը ստեղծվել է AW09 ուղղաթիռի հիմքի վրա։ Այն կշռում է մոտավորապես երեք տոննա, ունի մեկ տոննա բեռնատարողություն, 260 կմ/ժ առավելագույն արագություն և հինգ ժամ թռիչքի տևողություն։
Leonardo Proteus-ը նախատեսված է անձնակազմով Merlin և Wildcat ուղղաթիռների և F-35 կործանիչների հնարավորությունների բարելավման համար։ Անօդաչու ուղղաթիռի հիմնական առաքելությունը սուզանավերի հետապնդումն ու մարտական ստորաբաժանումների լոգիստիկ աջակցությունն է: Դրա մոդուլային բեռնախցիկում կարող են տեղավորվել հիդրոակուստիկ լողակներ, ծովային որոնման ռադար և տարբեր կապի համակարգեր:



























