Խաբեբա կրկնահանցագործը բավական երկար ժամանակ զբաղեցրել է ֆրանսիական խոշոր օդանավակայանի տնօրենի պաշտոնը:
43-ամյա Ֆիլիպ Օլիվեր Գայարը, որը 2011թ. նոյեմբերից ղեկավարում էր Լիմոժ քաղաքի միջազգային օդանավակայանը, մեծ մեքենայություն է իրագործել:
Աշխատանքի ընդունվելիս Գայարի ռեզյումեն անթերի է եղել. Ֆրանսիայի ռազմածովային ուժերի կործանիչի օդաչու, Ֆրանսիական քաղաքացիական ավիացիայի ազգային ակադեմիայի դիպլոմով ինժեներ, ինչպես նաեւ Vinci խմբում ընդգրկված խոշոր ընկերության նախկին ղեկավար:
Տեղի լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նա գունագեղ կերպով նկարագրել է իր մասնակցությունը Լիբանանի եւ նախկին Հարավսլավիայի ռազմական գործողություններին:
Ամեն ինչ հիանալի էր ընթանում մինչեւ այն պահը, երբ ուղեւորուհիներից մեկը հանձին Գայարի ճանաչել է հայտնի խաբեբային եւ այդ մասին հայտնել իշխանություններին:
Հենց նույն պահին պարզվել է, որ հանդուգն ֆրանսիացու ռեզյումեում ոչ մի ճշմարտություն չկա: Ավելին, նա արդեն մի քանի անգամ կանչվել է դատարան գույքի վնաս հասցնելու, կեղծիքի, խարդախության, գողության եւ վստահության չարաշահման մեղադրանքներով: Գայարը նունիսկ բանտ է նստել:
Օդանավակայանի աշխատակազմը ցնցվել էր` իմանալով իր խաբեբա տնօրենի բացահայտման մասին: Աշխատողներից մեկը հայտարարել է, որ «իսկական առեղծվածի» զոհ է դարձել, «ինչպիսիք լինում են վեպերում կամ կինոներում»:
Բացահայտվելուց հետո Գայարն անհետացել է, նրա գտնվելու վայրն այժմ հայտնի չէ:
Ընդ որում, Գայարի վարձակալները չեն դիմել դատարան, քանի որ չեն հասկացել, որ վնաս են կրել: Ըստ աշխատակիցների` իր պաշտոնում տնօրենը հիասքանչ մասնագիտական հատկանիշներ է ցուցաբերել եւ շատ լավ է աշխատել, գրում է NEWSru.com-ը:
Լիմոժի միջազգային օդանավակայանը սպասարկում է 4 ավիաընկերության (Air France, Ryanair, Flybe եւ Airlinair) եւ ամեն օր փոխադրում է շուրջ 350 հազար ուղեւոր: Լիմոժից պարբերաբար թռիչքներ են կատարվում Ֆրանսիայով մեկ եւ դեպի Մեծ Բրիտանիա:




























