Հայ Առաքելական Եկեղեցում կան մարդիկ, ովքեր չեն համապատասխանում Հայ Առաքելական Եկեղեցու կանոններին։ Դրա մասին փետրվարի 5-ին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության Խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով ռուս լրագրողների հարցերին։

Միևնույն ժամանակ, Սիմոնյանը հավաստիացրել է, որ Հայաստանի իշխանությունները Հայ Առաքելական Եկեղեցին հալածանքի չեն ենթարկում։

«Ես չեմ հիշում ավելի կրոնական հայկական կառավարություն, և Մեծ Հայ Առաքելական Եկեղեցու հետ մի քանի անհատների կապելը սխալ է։

Ես հասկանում եմ, որ որոշ քաղաքական տարրեր, իրենց անձնական շահերը պաշտպանելու համար, փորձում են դա որպես հալածանք ներկայացնել: Իրականում դա այդպես չէ. կան քրեական հանցագործություններ և կան բարոյական հանցագործություններ։

Եթե Ռուսաստանից եկած գործընկերներն ու ընկերները մտահոգված են նրանով, ինչ տեղի է ունենում, կարող են ուշադրություն դարձնել, որ ամեն ինչ արվում է օրենքի սահմաններում և մեր Մեծ Հայ Առաքելական Եկեղեցու հետ որևէ կապ չունի։ Անհատները Եկեղեցին չեն»,- ընդգծել է նա։