Մոտ օրերս աշխարհն ականատես կլինի միջուկային տեխնոլոգիաների ոլորտում Իրանի նոր, էական ձեռքբերումներին: Այս մասին իսլամական հեղափոխության 33-րդ տարեդարձի կապակցությամբ բազմահազարանոց հանրահավաքում ելույթ ունենալիս նշել է ԻԻՀ նախագահ Մահմուդ  Ահմադինեժադը:

«Համաշխարհային ճնշման ուժերը բոլոր ջանքերը գործադրեցին, բոլոր տեսակի ճնշումները գործադրեցին, որպեսզի Իրանին խանգարեն տիրանալ համաշխարհային ատոմին: Այսօր տեսնում ենք, որ Իրանը վերածվել է միջուկային գերտերության», - ասել է Ահմադինեժադը եւ հավելել, որ մոտ օրերս աշխարհն ականատես կլինի միջուկային տեխնոլոգիաների ոլորտում Իրանի նոր, էական ձեռքբերումներին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Իրանում այսօր` փետրվարի 11-ին, զանգվածային  ցույցեր են ընթանում` ի պաշտպանություն իսլամական կառույցի:

Հեռուստատեսությունը ուղիղ ռեպորտաժներ է հեռարձակում իրանական քաղաքների փողոցներից, որոնք լի են ցուցարարներով:
Թեհրանում տոնական հիմնական միջոցառումներն անցկացվում են քաղաքի գլխավոր` «Ազադի» (Ազատություն) հրապարակում: 

Այնտեղ համընդհանուր ցուցադրության է դրված ամերիկյան RQ-170 Sentinel անօդաչու թռչող սարքի մակետը, որը նախորդ տարվա դեկտեմբերին գցել էին իրանական ՀՀՊ-ի ուժերը:

Հանդիսություններն սկսվել են փետրվարի 1-ին: 33 տարի առաջ այս օրը 15 տարվա արտաքսումից հետո ԻԻՀ է վերադարձել այաթոլլահ Ռուհոլլահ Մուսավի Խոմեյնին: Փետրվարի 11-ին հայտարարվել է շահական վարչակարգի տապալման եւ իսլամական հեղափոխության հաղթանակի մասին: