World Press Photo-ն «2011թ. տարվա լուսանկար» է ճանաչել իսպանացի լուսանկարիչ Սամուել Արանդայի նկարած լուսանկարը, որը կատարվել է Եմենի զինված բախումների ընթացքում:
Լուսանկարում սեւ փարաջայով կինը գրկել է վիրավոր ազգականին: Լուսանկարն արվել է հոկտեմբերի 15-ին Եմենի մայրաքաղաք Սանայում: Լուսանկարն ընտրվել է 124 երկրների 5247 պրոֆեսիոնալ լուսանկարիչների ավելի քան 10 հազար լուսանկարներից: Մրցույթի արդյունքները հայտարարվել են Ամստերդամում:
Ժյուրիի անդամներից մեկի խոսքով` լուսանկարն արտացոլում է Եմենի, Եգիպտոսի, Սիրիայի, Թունիսի, Լիբիայի նախորդ տարվա իրավիճակը:
Ֆոտոլրագրողների ամենահեղինակավոր World Press Photo-ի 2011թ. դափնեկիրներ են դարձել 24 երկրների 57 լուսանկարիչներ: Աֆղանստանի եւ արաբական երկրների իրադրությունը, Ճապոնիայի ցունամին եւ երկրաշարժը այս մրցույթի տարածված թեմաներից էին, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
World Press Photo ոչ առեւտրային կազմակերպությունը գործում է 1955թ.-ից` Նիդեռլանդների արքայազնի հովանավորության ներքո: Այն Ամստերդամում ամենամյա մրցույթներ է կազմակերպում, որոնք տասը տարբեր թեմատիկաներ են ունենում, այդ թվում` «Առօրյա կյանք», «Մարզական իրադարձություն», «Բնություն», «Դիմանկարներ», ինչպես նաեւ առանցքային` «Տարվա լուսանկար» անվանակարգերը:
Մրցույթն ամփոփելուց հետո հաղթողի բոլոր լուսանկարների ալբոմ է թողարկվում` վեց լեզվով մեկնաբանություններով, ինչպես նաեւ մի շարք երկրներում ֆոտոցուցահանդեսներ են անցկացվում




























