Հոգեբուժարանից փախած մոլագարը, ով հետապնդում էր Մադոննային, բռնվել է եւ հետ վերադարձվել: Վտանգավոր հանցագործ, 54-ամյա Ռոբերտ Հոսքինսն ազատության մեջ է մնացել մեկ շաբաթ եւ գտնվել փետրվարի 10-ին Լոնգ Բիչ նավահանգստային քաղաքում:
Ամերիկյան ոստիկանությունը համառ լռություն է պահպանում այն բանի վերաբերյալ, թե տղամարդն ինչպես է փախուստի դիմել եւ ինչ է արել ազատության մեջ: Իրավապահները նրա փախուստից հետո Հարավային Քալիֆորնիայի բնակչությանը խոստովանել են, որ Հոսքինսը «անբուժելի խելագար է եւ հակված է բռնություն գործել»: Մարդկանց խորհուրդ են տվել ոչ մի դեպքում նրան չմոտենալ:
1996թ. Հոսքինսը դատարանի կողմից դատապարտվել է 10 տարվա կալանքի այն բանի համար, որ հետապնդել եւ սպառնացել է հաշվեհարդար տեսնել Մադոննայի հետ: Տղամարդը հավատացրել է, որ միլիոնների կուռքը «պետք է ընդմիշտ պատկանի իրեն եւ միայն իրեն», հակառակ դեպքում նա սպառնացել է «երգչուհու կոկորդը կտրել ականջից ականջ»: Գործընթացի ընթացքում նման ցուցմունքներ է տվել երգչուհու անձնական թիկնապահը: Նա գիշերը ստիպված է եղել կրակել, երբ Հոսքինսը թռել է բարձր ցանկապատից եւ սողոսկել Մադոննայի տուն:
Հանցագործը պատիժը կրելուց հետո ազատության մեջ է հայտնվել: Ավելի ուշ նրան մի քանի անգամ ձերբակալել են վանդալիզմի համար: Որպես խափանման միջոց է ընտրվել հոգեբուժական հիվանդանոցում հարկադրական բուժումը, հիշեցնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























