Պորտուգալիայի Ազգային ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա կիրակի՝ փետրվարի 8-ին, չնայած այն հանգամանքին, որ վատ եղանակային պայմանները որոշ վայրերում կարող են բարդացնել գործընթացը, իսկ մի քանի քաղաքներում տեղական իշխանությունները որոշել են մեկ շաբաթով հետաձգել քվեարկությունը, հաղորդել է EFE-ն։

Երկրորդ փուլի մասնակիցներից մեկը՝ ծայրահեղ աջ Chega! (Բավական է) կուսակցության ներկայացուցիչ Անդրե Վենտուրան, ավելի վաղ կոչ էր արել հետաձգել ընտրությունները ազգային մակարդակում։ Սակայն հանձնաժողովը շեշտել է, որ ո՛չ երկրում հայտարարված արտակարգ դրությունը անբարենպաստ եղանակի պատճառով, ո՛չ էլ եղանակային պայմաններն իրենք հիմք չեն տալիս ողջ երկրի տարածքում հետաձգելու ընտրությունները։

Եթե ​​տեղական մակարդակի իշխանությունները որոշեն հետաձգել քվեարկությունը, նրանք պետք է անհապաղ տեղեկացնեն ընտրական հանձնաժողովին եւ ընտրողներին եւ քվեարկությունը անցկացնեն մեկ շաբաթ ավելի ուշ։ Մինչ այժմ նման որոշում ընդունել են երեք համայնքներ, բայց, չնայած դրան, նախնական արդյունքները կհրապարակվեն կիրակի օրը՝ տեղի ժամանակով ժամը 20:00-ին։

Պորտուգալիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Վենտուրայի մրցակիցն է սոցիալիստ Անտոնիու Ժոզեն։