Անչափահասին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն: Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՔԿ–ից՝ անդրադառնալով փետրվարի 5–ին, Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքին։
Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 5–ին, ժամը 00:40-ին, ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ իրենց կողմից սպասարկվող վարչական տարածքի տներից մեկի բակում երեխայի դի կա։
Ոստիկաններն ու քննիչները նշված տան բակում զրուցարանի մոտ՝ ճոճաթոռի վրա, հայտնաբերել են նույն տան բնակիչ 15-ամյա տղայի դի՝ աջ քունքային հատվածում կրակոցի հետքով։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «ինքնասպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկաններն ու քննիչները մահացածի մարմնի մոտ հայտնաբերել են օդաճնշիչ հրացան, որով ըստ նախնական տեղեկությունների տղան ինքնասպան է եղել։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Մահացածը սովորում էր Հայաստանում հայտնի համալսարաններից մեկի 1-ին կուրսում։





























