Միքայել սրբազանը արքեպիսկոպոս է և ծեսերից մեկուսացնելը ևս պատժի տարրեր է պարունակում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 6–ին, դատական նիտի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Միքայել Սրբազանի պաշտպան Արա Զոհրաբյանը։

Նրա խոսքով, կան նախադեպեր, որ տնային կալանքում գտնվող անձին թույլ են տվել կիրակի օրերը մասնակցել մոտակա եկեղեցում պատարագների։ Միքայել Սրբազանի կեցավայրը Յոթ վերք եկեղեցու հարևանությամբ է գտնվում, և մենք միջնորդեցինք հենց այդ եկեղեցում պատարագների մասնակցել թույլ տալը»,–ասաց նա։

Պաշտպանը վստահություն հայտնեց, որ ՄԻԵԴ–ում իրենք հաջողություն են գրանցելու, քանի որ խախտումները ճչացող են ու բազմաթիվ» «Այսօր դատական համակարգը հասկանում է, որ ՄԻԵԴ–ի ձեռքից չի պրծնելու, կամ միջազգային կառույցների կողմից այս ճչացող խախտումները բոլոր դեպքերում իրենց դեմ են ուղղվելու»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ ինքը նախկինում հայտարարել է, որ Միքայել Սրբազանի նկատմամբ դատավճիռը քաղաքական որոշում էր, հիմա կալանքը տնային կալանքով փոխարինելը  և՞ս քաղաքական որոշում էր, Զոհրաբյանը պատասխանեց. «Ես չեմ կասկածում, որ սա ևս քաղաքական որոշում է եղել։ Բայց քաղաքական որոշումը կարող է լինել նաև արտաքին ճնշումներից, միջազգային ճշնումներից, մամուլի հրապարակումներից։ Եթե դուք այդ լուսաբանումները չանեիք, մարդիկ տարբեր տեղերից չխոսեին սրա մասին, մենք կունենայինք նույն վիճակը։ Այս դրական ճնշումը իրենց քաղաքական կեցվածքի վրա բան փոխեց»։

Նշենք, որ այսօր դատարանի որոշմամբ Միքայել Սրբազանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով։ Դատարանը թույլ տվեց, որ Սրբազանին կարող է այցելել նրա 66-ամյա եղբայրը, և Սրբազանի խնամակալը հանդիսացող եղբորորդին։

Իսկ ահա պատարագների մասնակցելու վերաբերյալ միջնորդությունը կքննարկվի ավելի ուժ։

Հիշեցնենք, որ  Միքայել Սրբազանը փաստաբանների միջոցով գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իր իրավունքների խախտման փաստերով:

Գանգատում նշվել է Միքայել Սրբազանի անօրինական կալանավորման (հոդված 5), արտահայտվելու ազատության խախտման (հոդված 10), ինչպես նաև ազատությունից զրկելու և քրեական հետապնդումը քաղաքական նպատակներով իրականացնելու (հոդված 18) վերաբերյալ փաստեր և փաստարկներ։