ԱՄՆ-ի սննդամթերքի ու դեղերի որակի վերահսկման դաշնային վարչությունը շրթներկի 400 տեսակների մեջ արճիճի առկայություն է հայտնաբերել:
«Բնապահպանական աշխատանքային խումբ» կազմակերպությունը հայտնել է, որ շրթներկ արտադրող առնվազն երկու հայտնի ընկերությունների արտադրանքում մետաղի առկայությունը գերազանցում է սահմանված նորման:
«Ամենաաղտոտված» շրթներկն արտադրում է L`Oreal USA ընկերությունը, որի արտադրանքում մետաղի առկայությունը 7 անգամ գերազանցել է սահմանված նորման:
Փորձագետները նշում են, որ արճիճն ուժեղ նեյրոտոքսին է, որի ցանկացած քանակություն վնասում է մարդու առողջությունը:
Ամեն օր քսուքներ, դիմակներ, շպարի պարագաներ օգտագործող կնոջ օրգանիզմ տարեկան կարող է մինչեւ 3 կգ քիմիական նյութեր թափանցել: Գիտնականները պնդում են, որ դա անհետեւանք չի մնում կանանց առողջության համար, հաղորդում է «Ռոսբալտը»:




























