Լիբանանի մեծությամբ երկրորդ` Տրիպոլի քաղաքում վերսկսվել են սուննիների եւ ալավի-շիաների զինված բախումները:
Տեղեկություն կա, որ կողմերը միմյանց հետ պատերազմելիս գնդացիրներ եւ նռնականետներ են կիրառել: Կան զոհեր եւ վիրավորներ:
Քաղաք մտցված լիբանանյան բանակի էլիտար ստորաբաժանումները փորձում են ճնշել գրոհայինների հարձակման կետերը եւ հաշտեցնել հակամարտողներին: Զորքերը Հյուսիսային Լիբանանի մայրաքաղաք են մտցվել վարչապետ Նաջիբ Միկատիի պահանջով, ով այցով գտնվում է Փարիզում:
Արմատական սուննիական խմբավորումների եւ ալավի-շիաների աղանդին պատկանող Արաբական դեմոկրատական կուսակցության ոստիկանների միջեւ հրաձգությունը հրահրվել է Տրիպոլիում փետրվարի 10-ին անցկացված հակասիրիական ցույցերից հետո:
Տեղի մի շարք փորձագետներ Տրիպոլիի դեպքերը կապում են պաշտոնական Դամասկոսի պահանջով լիբանանյան սահմանի պաշտպանությունն ուժեղացնելու բանակային հրամանատարության ձեռնարկած միջոցառումների հետ: Սիրիայում պնդում են, որ հակակառավարական խմբավորումներին զենքի հիմնական խմբաքանակը այժմ մատակարարվում է Լիբանանից:
Բացի այդ, այնտեղից ուղարկվում են ականապատված ավտոմեքենաներ, որոնք, մասնավորապես, օգտագործվել են Դամասկոսի եւ Հալեպի ահաբեկչությունների կազմակերպման համար: Տեղի մամուլը հաղորդում է, որ Տրիպոլիում ուրբաթ օրը զենքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել, որը նախատեսված էր մաքսանենգ ճանապարհով Սիրիա ուղարկելու համար, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Լիբանանյան կառավարությունը սիրիական ճգնաժամում չեզոք դիրք է գրավում: Միաժամանակ ընդդիմության առաջնորդ Սահադ Հարիրին բացահայտ հանդես է եկել նախագահ Բաշար Ասադի հակառակորդների պաշտպանությամբ:




























