Էներգետիկայի ոլորտի իրանցի պաշտոնյան հայտարարել է, որ, թեեւ վերջերս տեղի ունեցած տեխնիկական խնդիրներին, որոնք հանգեցրել են Իրանից Թուրքիա մատակարարվող գազի ժամանակավոր դադարեցմանը, Իրանը պատրաստ է ավելացնել այդ երկիր արտահանվող գազի ծավալները: Այս մասին հաղորդում է իրանական Press TV կայքը:

Իրանի գազային ազգային ընկերության (NIGC) մամուլի քարտուղար Մաջիդ Բուջարզադեն փետրվարի 10-ին հայտարարել է, որ Իրանը ներկա պահին 30 մլն խմ բնական գազ է արտահանում Թուրքիա:

Թուրքական BOTAS ընկերության` ավելի մեծ ծավալով Իրանից գազ գնելու վերջերս կատարված հայտի կապակցությամբ պաշտոնյան նշել է, որ հայտը դիտարկվում է Իրանի գազային ազգային ընկերության պաշտոնյաների կողմից: «Եթե Թուրքիայի գազամատակարարման ցանցը բավական հզոր լինի ավելի շատ գազ ընդունելու համար, Թեհրանը պատրաստ է Անկարային ավելի մեծ քանակությամբ գազ մատակարարել»,– հավելել է նա:

Ավելի վաղ` ուրբաթ օրը, Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ իր երկիրը տեխնիկական խնդիրների վերացումից հետո վերսկսել է Իրանից բնական գազի ներկրումը: Յըլդըզը նշել է, որ իրանցի տեխնիկական մասնագետները վերանորոգման անհրաժեշտ աշխատանքներ են իրականացրել համապատասխան վայրում` հավելելով, որ Թուրքիա ներկրվող իրանական գազի ծավալները կավելացվեն աստիճանաբար:

Իրանը, որը բնական գազի պաշարների մեծությամբ Ռուսաստանից հետո երկրորդ երկիրն է, Թուրքիա արտահանվող գազի ծավալների առումով եւս երկրորդ տեղն է զբաղեցնում  Մոսկվայից հետո: