Ուղևորը փորձել է 90,000 կենդանի տզրուկ ներմուծել Թուրքիա և կարող է քրեական հետապնդման ենթարկվել։ Այս մասին հայտնում է Ստամբուլի գյուղատնտեսության և անտառտնտեսության նահանգային վարչությունը։
«Փետրվարի 7-ին Ստամբուլի օդանավակայանում անցկացված ստուգումների ժամանակ ուղևորներից մեկի մոտ հայտնաբերվել և առգրավվել է 12,2 կիլոգրամ քաշով 90 հազար տզրուկ, որոնք նա փորձում էր անօրինական կերպով իր ճամպրուկով ներկրել Թուրքիա։ Տվյալ ուղևորը նախկինում արդեն մեկ անգամ բռնվել էր նմանատիպ խախտման համար»,- ասված է գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ։
Օրինախախտի նկատմամբ իրավական գործընթացներ են սկսվել։



























