Դատարանն անհարկի միջամտել է եկեղեցու ներքին կյանքին, որի իրավունքը չունի։ Դրա մասին հստակ կանոններ սահմանել է ոչ միայն Հայաստանի ներպետական օրենսդրությունը, այնպես էլ եվրոպական, միջազգային ստանդարտ է։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 9–ին, Մասյացոտն թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի գործով դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։

Փաստաբանն ընդգծեց, հարցը վերաբերում է եկեղեցու ներքին կյանքին և պետությունը դրան խառնվել չի կարող. «Եթե եկեղեցին հանդես է գալիս, օրինակ որպես կապալառու, շինարարություն է պատվիրում, նման դեպքերում եկեղեցու հետ կապված վեճը կարող է դատարաններում քննվել, բայց երբ հարցը հասնում է եկեղեցու ներքին գործերին, օրինակ, քահանային կարգալույծ անելուն, կարգապահական հարցին, հոգևորականին հոգևոր ծառայության նշանակելուն, դա ինքնակառավարման հարց է, պետությունն անելիք չունի»,-ընդգծեց նա։

Փաստաբանի խոսքով, դատավորի անտեղյակությունն է բերել նման որոշման կայացման. «Տեսեք՝ ինչ խնդիր ունենք։ Արման Սարոյանը, որը զրկված է ինչպես  թեմի առաջնորդի հոգևոր պաշտոնից, նաև կարգալույծ եղած է, կարողացել է փոխանցումներ կատարել Հայ առաքելական եկեղեցուն պատկանող բանկային հաշիվներից, բայց նման իրավունք չուներ, քանի որ ներկայում ո՛չ պաշտոն է զբաղեցնում, ո՛չ էլ հոգևորական է: Հիմա վաղը, եթե այս հարցով Սարոյանը պարտվի, ո՞վ է պատասխան տալու այդ ֆինանսական կորուստների համար: Դատարանը, Պանդորայի արկղը բացելով, լուրջ փաստի առաջ է կանգնեցրել բոլորին: Պատմական քայլ է կատարել դատավորը, քանի որ դարերի ընթացքում չենք ունեցել դեպք, որ դատարանը ներխուժի եկեղեցու ինքնակառավարման և կարգապահական տիրույթ»,- ասաց Զոհրաբյանը՝ վստահություն հայտնելով, որ ապօրինի որոշում կայացնողները պատասխան են տալու օրենքի առաջ։

Փաստաբանը մանրամասնեց, որ հենց այս գործի պատճառով է հարուցվել քրեական գործ եպիսկոպոսների նկատմամբ, այն առիթ է հանդիսացել եկեղեցու ինքնակառավարումը խոչընդոտելու, վեց եպիսկոպոսի ու մեկ քահանայի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու ու նրանց որպես մեղադրյալ ներգրավելու համար։

Հիշեցնենք, որ Գևորգ Սարոյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ պահանջելով անվավեր ճանաչել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու վերաբերյալ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հայրապետական տնօրինությունը և վերականգնել իրեն պաշտոնում։

Դատարանն ավելի վաղ որոշել էր, որ Սարոյանը պետք է վերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը (որպես հայցի ապահովման միջոց):

Այսօրվա դատական նիստում Մայր Աթոռի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությամբ հանդես եկավ։ Դատարանը միջոնրդության վերաբերյալ որոշումը կհրապարակի փետրվարի 11-ին։