Աշխարհահռչակ երգչուհի եւ դերասանուհի Ուիթնի Հյուսթոնին մեռած են գտել Բեւեռլի Հիլսի հյուրանոցի չորրորդ հարկի համարում, ուր երգչուհին ժամանել էր մասնակցելու «Գրեմմի» մրցանակաբաշխությանը:
Բեւեռլի Հիլսի ոստիկանության լեյտենանտ Մարկ Ռոզենի խոսքով, դեպքի վայր ժամանած աշխատակիցները փորձել են ուշքի բերել երգչուհուն, սակայն ապարդյուն: Հյուսթոնը մահացել է 48 տարեկանում: Պաշտոնատար անձանց խոսքով, հարձակման հետքեր չեն հայտնաբերվել, չեն հաղորդվում նաեւ մահվան կոնկրետ պատճառները: Ընթանում է հետաքննություն: Ավելի վաղ Հյուսթոնը մասնակցել է «Գրեմմիին» նվիրված երեկույթին:
Հյուսթոնը «Գրեմմիի» վեցակի մրցանակակիր էր, վաճառել է ավելի քան 170 միլիոն սկավառակ` դառնալով աշխարհի ամենապահանջված երգչուհիներից մեկը: Նրա կարիերան սկսեց մայրամուտ ապրել, երբ դերասանուհին սկսեց թմրադեղեր եւ ալկոհոլ ընդունել եւ կախվածության մեջ ընկավ: Բուժումը հատուկ կլինիկաներում չօգնեց նրան:











