Բնականաբար անդրադարձել ենք նաև Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումներին և այդ ուղղությամբ Միացյալ Նահանգների կողմից ցուցաբերված երկարամյա աջակցության շարունակությանը մասնավորապես Հայաստանի պետական կառույցների հզորացման և նրանց կարողությունների զարգացման հարցերին։
Վերջինիս առնչությամբ կարևորել եմ նաև խաղաղության խաչմերուկ ծրագրի կարողությունների զարգացման նպատակով Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը։ Երկուստեք ընդգծել ենք, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները այսօր առավել ամուր են, քան երբևէ և պատրաստակամություն ենք հայտնել էլ ավելի զարգացնել դրանք ի շահ մեր ժողովուրդներին։
Մեծարգո պարոն փոխնախագահ, ցանկանում եմ վերստին ողջունել ձեզ, ձեր տիկնոջը՝ հարգելի Ուշա Վենսին և ձեր գեղեցիկ ընտանիքին, ձեզ ասում եմ բարի գալուստ Հայաստան և մեր շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև կուռ կապերը էլ ավելի զարգացնելու ձեր պատրաստակամության և անձնական ներդրման համար»,–ասել է նա։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ փետրվարի 9–ին, պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։ Նրան «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, ԱՄՆ–ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը։
Ամերիկյան պատվիրակության կազմում է նաև ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգը։ Վերջինս գրառում է արել՝ Հայաստան ժամանելուն պես. «Հաջորդ կանգառը՝ Երևան, Հայաստան»,-գրել է նա:











