Ես մեծ հույս ունեմ, որ ԱՄՆ նախագահը արդարացիորեն կարժանանա 2026 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակին։ Փոխնախագահ Ջեյդի Վենսի այցն առանցքային նշանակություն ունեցող քայլ է խաղաղության ինստիտուցիոնալացման և Հայաստան-Միացյալ Նահանգներ ռազմավարական գործընկերության ընդլայնման ճանապարհին։  Այս մասին այսօր՝ փետրվարի 9–ին, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ հայտարարության ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պարոն Վենսին ներկայացրել եմ Հարավային Կովկասում ընթացող դրական գործընթացները, ինչպես նաև օրեր առաջ Աբու Դաբիում իմ և Ադրբեջանի նախագահի միջև տեղի ունեցած քննարկումների մանրամասները, որոնք ուղղված էին մեր երկրների միջև խաղաղության ամրապնդման հնարավոր նոր քայլերի։ Այս առիթով վերահաստատել եմ նաև Հայաստանի հանձնառությունը աջակցելու ԱՄՆ կառավարության խաղաղության և խաղաղարար առաքելությանը, այդ թվում խաղաղության խորհրդի գործունեությանը, որի կանոնադրությունը պատիվ եմ ունեցել ստորագրել սույն թվականի հունվարի 22-ին Դավոսում կայացած հանդիսավոր արարողության շրջանակներում։

ԱՄՆ փոխնախագահի հետ երկուստեք ընդգծել ենք Վաշինգտոնի խաղաղության գագաթաժողովի ամենակարևոր ձեռքբերումներից մեկի՝ Թրամփի ուղի ընդհանուր միջազգային խաղաղության և բարեկեցության նախագծի հետևողական իրագործման կարևորությունը, համաձայն սույն թվականի հունվարի 13-ին Հայաստանի ԱԳ նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի միջև ստորագրված Թրիփ ծրագրի իրագործման շրջանակի։

Վերահաստատել ենք, որ այս ծրագիրը բացի խաղաղության լրջագույն դիվիդենտներից ունենալու է նաև տարածաշրջանային և գլոբալ նշանակություն, զարգացնելով Արևմուտքից Արևելք անխոչընդոտ հաղորդակցությունը մեր գոհունակություն ենք արտահայտել ծրագրի իրականացման նախապատրաստական աշխատանքների ինչպես նաև օրերս մեկնարկած տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների ընթացքի կապակցությամբ պարոն Վենսի հետ քննարկել ենք նաև տարածաշրջանի ամբողջական ապաշրջափակման հեռանկարները որպես հարավային կովկասում կայունության և խաղաղության կարևորագույն գրավականներ»,–ասաց նա։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ փետրվարի 9–ին, պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։ Նրան «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, ԱՄՆ–ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը։

Ամերիկյան պատվիրակության կազմում է նաև ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգը։ Վերջինս գրառում է արել՝ Հայաստան ժամանելուն պես. «Հաջորդ կանգառը՝ Երևան, Հայաստան»,-գրել է նա: