Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեքշաբթի հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր բանակցությունների գլխավոր առաջնահերթությունը լինելու են Իրանի հետ շարունակվող բանակցությունները, հայտնում է AFP-ն։
«Այս ուղևորության ընթացքում մենք կքննարկենք հարցերի լայն շրջանակ՝ Գազան, տարածաշրջանը, բայց, իհարկե, առաջին հերթին՝ Իրանի հետ բանակցությունները,- ասել է Նեթանյահուն իր մեկնումից առաջ արված տեսաուղերձում։- Ես նախագահին կներկայացնեմ բանակցությունների սկզբունքների վերաբերյալ մեր տեսակետերը»։
Չորեքշաբթի օրը երկու երկրների առաջնորդները կհանդիպեն Վաշինգտոնում. սա կլինի նրանց վեցերորդ հանդիպումը Միացյալ Նահանգներում այն բանից հետո, երբ Թրամփը մեկ տարի առաջ վերադարձել է իշխանության։ Նրանք հանդիպել էին նաև Երուսաղեմում հոկտեմբերին, երբ Թրամփը հայտարարել է Գազայում հրադադարի մասին։ Չորեքշաբթի օրվա հանդիպումը տեղի է ունենում Օմանում Իրանի և ԱՄՆ-ի միջև կայացած բանակցություններից մի քանի օր անց, որից հետո Թրամփը հայտարարել էր, որ դրան բանակցությունների ևս մեկ փուլ կհետևի։
Նեթանյահուն և Թրամփը կհանդիպեն նաև օկուպացված Հորդանան գետի արևմտյան ափի նկատմամբ վերահսկողության խստացմանն ուղղված Իսրայելի միջոցառումների շուրջ աճող միջազգային վրդովմունքի ֆոնին, ինչը թույլ է տալիս վերաբնակիչներին հող գնել անմիջապես դրա պաղեստինցի սեփականատերերից։
Այնուամենայնիվ, անհայտ է մնում՝ արդյո՞ք այդ հարցը կբարձրացվի նրանց բանակցությունների ընթացքում, չնայած այն հանգամանքին, որ Թրամփը նախկինում հանդես է եկել Արևմտյան ափի ցանկացած անեքսիայի դեմ։ Անցյալ հանգստյան օրերին հրապարակված ավելի վաղ հայտարարության մեջ Նեթանյահուի վարչակազմը նշել է, որ երկրի վարչապետը կընդգծի Իրանի հրթիռային արսենալի և ոչ միայն միջուկային ծրագրի վերաբերյալ Իսրայելի մտահոգությունը։





























