Չեռնոգորիայի պաշտպանության եւ անվտանգության խորհուրդը հայտարարել է երկրի տարածքում արտակարգ դրություն մտցնելու մասին: Պատճառն անսովոր սառնամանիքն ու եղանակային վատ պայմաններն են:

Արտակարգ դրության ռեժիմի ժամանակ  քաղաքապետերին եւ տեղական իշխանություններին իրավասություն է տրվում արգելել ավտոճանապարհներով երթեւեկությունը: Երկրի խոշոր ձեռնարկություններին հրահանգվել է  էլկտրաէներգիայի պահանջարկը նվազեցնել մինչեւ 20%-ով:

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, վերջին շաբաթների ընթացքում Եվրոպան պատուհասած աննախադեպ ցրտերի հետեւանքով ավելի քան 500  մարդ է զոհվել:

Օդերեւութաբանները նշում են, որ Հյուսիսային կիսագնդում այս տարի եզակի եղանակային ֆենոմեն է նկատվում: Խախտվել է քամիների ավանդական ուղղվածությունը եւ բարձր ու ցածր ճնշման գոտիների հարաբերակցությունը: Այսպես, Արկտիկայում, Իսլանդիայում, Կանադայի հյուսիսային շրջաններում եւ ԱՄՆ-ում արդեն երեք շաբաթ է, ինչ անսովոր տաք եղանակ է: Իսկ ահա Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում սառնամանիքներ են: Ձյուն կա անգամ Սահարայում: