«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գնահատմամբ, նախօրեին Հայաստանի և ԱՄՆ–ի միջև ստորագրված փաստաթուղը կարող է լրջագույն խնդիրներ ստեղծել Հայաստանի համար։
«Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ կարող եմ ասել, որ ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից։ Խաղաղ միջուկային էրէրգետիկայի համագործակցության մասին բազմիցս խոսել եմ և ասել, որ եթե Հայաստանն ուզում է Միացյալ Նահանգների հետ միասին ատոմակայան կառուցել, պետք է ոչ թե փոքր մոդուլային ատոմակայան կառուցի, այլ ռեակտոր, որը կունենա նախկինի հզորությունը։ Չգիտեմ՝ մոդուլային ատոմակայանի կառուցումը տեղի կունենա՞, թե ոչ, բայց գիտեմ, որ մոդուլային ատոմակայանի կառուցման սոուսի ներքո Մեծամորի ատոմակայանը կփակվի»։ Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյան։
«Եթե լավագույն սցենարով նայենք ու պատկերացնենք, որ մոդուլային ատոմակայանը կառուցվում է, թեև գիտենք, որ մոդուլային ատոմակայանները թեստավորման փուլում են և ԱՄՆ–ը նման ատոմակայանների կառուցման փորձ չունի, մենք էլեկտրաէներգիա արտադրող և մատակարարող երկրից դառնալու ենք էլեկտրաէներգիա գնող երկիր, որովհետև փոքր մոդուլային ատոմակայանը Հայաստանին չի բավարարելու։ Մեզ ասելու են Թուրքիայում կառուցվող ատոմակայանից գնենք էլեկտրաէներգիա»,–հավելեց Մարուքյաանը։
Լրագրողի ճշտող հարցին այն մասին, որ թեև կառավարությունն ավելի վաղ հայտարերել էր, թե վերջնական որոշում չկա այն մասին, թե որ երկրի հետ համատեղ Հայաստանը մոդուլային ատոմակայան կկառուցի, սակայն նախօրեին ստորագրված փաստաթղթերից և հայտարարություններից կարելի՞ է ենթադրել, որ ի վերջո Հայաստանը հենց ԱՄՆ–ի հետ է որոշել կառուցել ատոմակայանը, Մարուքյանը պատասխանեց․
«Մենք փաստաթղթերը չենք կարդացել և դրանք հրապարակված չեն, բայց ԱՄՆ փոխնախագահի խոսքից ես հասկանում եմ, որ խոսքը գնում է Միացյալ Նահանգներից Հայաստան արտահանման մասին։ Այսինքն կարող է ինչ-որ ուրիշ երկիր կամ ուրիշ ընկերություն կառուցել ատոմակայանը, բայց դրա նյութերը, համապատասխան տեխնիկական բազան, այն ինչ որ որ անհրաժեշտ է»։
Լրագրողի դիտարկմանն այն մասին, որ եթե փաստաթղթի ստորագրմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ հայկական կողմի հարցերն առնչվում էին «Թրամփի ուղուն», ապա ամերիկյան կողմի հարցերը վերաբերում էին Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին և Հայաստանի դիրքորոշմանը, Էդմոն Մարուքյանն ասաց․
«Փորձագիտական կարծիքներ կային, որ փորձ է արվելու ճշգրտել Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումները Իրանական ճգնաժամի վերաբերյալ։ Թրամփն այս պահին բանակցություններ է վարում Իրանի հետ և թե ուր կհասնեն դրանք, չենք կարող կանխատեսել, բայց այն, որ ԱՄՆ–ը բավականին ռազմական ներուժ է կուտակել տարածաշրջանում, միանշանակ է։ Բայց փորձագիտական կարծիքներ կան, որ եթե բանակցությունների միջոցով հնարավոր չլինի հաջողության հասնել, հնարավոր է, որ տեղի ունենան ԱՄՆ–ի կողմից հարվածներ։ Մենք նաև ունենք տեղեկություններ, որ Իսրայելն այնքան էլ չի ցանկանում, որ հիմա դա տեղի ունենա, որովհետև հասկանում է, որ պատասխան հարվածները տարածաշրջանի երկրներին կարող է բարդ իրադրության մեջ դնել։ Հույս ունեմ, որ որոշակի գործարքի կհանգեն։ ՀՀ–ի համար կարևոր է պահպանել այն դիրքորոշումը, որ միշտ ենք ունեցել, այն մասին, որ մենք կարծում ենք՝ պետք է խաղաղ հանգուցալուծում տեղի ունենա և ՀՀ–ն երբեք որևէ կերպ չի ներառվի Իրանի դեմ տեղի ունեցող որևէ գործընթացի»։











