Օրինագծի նպատակն է կարգավորել բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի և քաղաքացիների միջև հարաբերությունները, մասնավորապես՝ պարզեցնել վճարային տերմինալների միջոցով բժշկական ծառայությունների համար քաղաքացիներին դրամարկղային կտրոնների տրամադրումը։ Դրս մասին հայտարարել է իշխող «ՔՊ» կուսակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի առաջին ընթերցմամբ ներկայացնելիս։

Ըստ զեկուցողի՝ բժշկական կազմակերպությունները ներկայում պարտավոր են դրամարկղային կտրոններ  տրամադրել մատուցված ծառայությունների համար։ «Գործնականում, վճարային քարտերով վճարելիս քաղաքացիները տեղում դրամարկղային կտրոն են ստանում՝ համակցված դրամարկղային և POS տերմինալների միջոցով, մինչդեռ վճարային տերմինալների միջոցով վճարելիս սարքավորումները տրամադրում են միայն «Վճարման հանձնարարական» փաստաթուղթ, ինչպես սահմանված է Կենտրոնական բանկի խորհրդի համապատասխան որոշմամբ։ Այդ դեպքում քաղաքացին պետք է կապվի բժշկական հաստատության հաշվապահական բաժնի հետ՝ կտրոն ստանալու համար»,- ընդգծել է Ծովինար Վարդանյանը։

Ըստ պատգամավորի՝ պետական ​​կարգավորումների և սոցիալական նպաստների շրջանակից դուրս գտնվող բժշկական հաստատությունների կողմից մատուցվող բժշկական օգնության և ծառայությունների վերաբերյալ տվյալները հաճախ չեն մուտքագրվում էլեկտրոնային առողջապահական համակարգ, թեև այդ ասպեկտը կարգավորվում է նաև «Բնակչությանը բժշկական օգնության և սպարսարկման մասին» օրենքով։

Առաջարկվող նախաձեռնությունը քաղաքացիներին կոչ է անում կտրոն ստանալ բոլոր բժշկական ծառայությունների համար։

Նշվել է, որ բոլոր տեղեկությունները կհավաքվեն «ARMED» համակարգում։