Այն օր հայ-ամերիկյան հարաբերությունները զարգանում են, շատ լավ է, միայն դրական է, մեր սրտից է՝ ինչքան շատ բարեկամներ, այնքան լավ, բայց երբ մտնում ես մանրամասների մեջ, բացահայտվում են որոշ բաներ, որոնք սովորական աչքի համար հեշտ ընկալելի չեն և իշխանությունների այն ոգևորությունը, որ թռվռում են, հորթային ոգևորություն են բարձրացրել, տեղին չէ, հլը մի քիչ էլ պետք է սպասենք, տեսնենք  Ադրբեջանում ինչ է լինելու։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։

Անդրադառնալով ամերիկյան դրոններ Հայաստանին տալուն, նա նշեց. «Մոտավորապես 20 դրոն պետք է տրվի Հայաստանին, յուրաքանչյուրը մոտ կես միլիոն դոլար արժե, և նրանք հետախուզական դրոններ են։ Անշուշտ լավ է, որ ռազմատնտեսական, տեխնիկական համագործակցություն կա, բայց կա խիստ ռիսկ, վտանգ, որ նրանք հետախուզական դրոններ են, և ամենևին հաճույքով չեն ընդունվելու ռուսական և իրանական կողմից։

Ռուսական բազան այստեղ է, և իրենք կարող են հանգիստ հետախուզություն անել և՛ ռուսական բազայի վրա, և՛ իրանական կողմի վրա։ Այդ սարքերը վատ սարքեր չեն, մոտ 100-150 կմ հեռավորության վրա կարող են իրենք հետախուզական գործունեություն անել, ինֆորմացիա հավաքել, տալ ում որ պետք է այդ ինֆորմացիան։ Մասնավորապես, Ռուսաստանի դեմ իրենք դա Ուկրաինայում օգտագործել են, մոտավորապես 150 թռիչք են իրականացրել և գտել են ռուսական բազաների, ռուսական տեխնիկայի օբյեկտներ, այդ ինֆորմացիաները փոխանցվել է ուկրաինական կողմին, ուկրաինացիները ոչնչացրել են այդ օբյեկտները։ Սա բնականաբար անհանգստացնելու է ռուսական կողմին, որի հետ մենք ռազմաստրատեգիական դաշինքի մեջ ենք»,–ասաց Արամ Մանուկյանը։

Նա նկատեց, որ ռուսները սա այդպես հեշտ չեն մարսելու. «Մենք այդ համակարգի մեջ ենք, մեր սահմանը Թուրքիայի հետ պաշտպանում են ռուսական զինվորները և ավելանում է այստեղ Իրանի գործոնը։ Ամերիկացիները բացահայտ մշտապես հայտարարել են, որ հակաիրանական կոալիցիայի կողմնակից են և ներգրավում են երկրներ, որոնք այդ ծրագրի մեջ են լինելու։ Այդ առումով դրոնները անհանգստացնող են լինելու Իրանի համար»,–ասաց ՀԱԿ փոխնախագահը։