Ամուլսարը աշխարհին, անգլիացիներին, ամերիկացիներին ոչ թե հետաքրքրում է ոսկի կամ արծաթ ունենալու փաստով, այլ այստեղ կան դեֆիցիտ նյութեր, հազվագյուտ էլեմենտներ, որոնք հետաքրքրում են ԱՄՆ–ին։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։

«Այսօր ԱՄՆ–ի հետ այդ պայմանագրի մեջ կա այդ կետը, որ մենք պետք է այդ հանքանյութերը արտադրենք։ Կա նաև ուրան, հայկական կողմի գիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մենք մոտավորապես հինգ ռեգիոն ունենք Հայաստանում, հանքային, որտեղ ուրան կա։

Ընդհանրապես Եվրոպան և Ամերիկան Ղազախստանի և Ռուսաստանի հետ փորձում են մրցակցել ուրանի հանքերին տիրանալու առումով։

ԱՄՆ–ն ունի 98 հատ գործող ատոմակայան, և իրենց վառելիքի 25-40%-ը իրենք առնում են Ռուսաստանից։ Ռուսաստանը, Ղազախստանը մշտապես մատակարարում են ԱՄՆ–ին հարստացված ուրանով, և ուրանի նկատմամբ վերահսկողություն կարևորագույն խնդիր է բոլոր պատերազմների համար։ Ի դեպ, եթե մենք կիրառում ենք ամերիկյան մոդուլային ատոմակայաններ, եթե անգամ ԱՄՆ–ն կարող է մեզ վաճառել ուրան, դա կարող է լինել ռուսական ուրանը, որովհետև ԱՄՆ–ն ուրան չունի»,–ասաց նա։

Արամ Մանուկյանը հայտարարեց, որ մենք Ամուլսարում ունենք գերմանիայում, բիսմուտ, գալում, թորիում, թալում, կատմիում, սկանդինավիում և այլն. «Այս յոթ էլեմենտները, որ ամենաթանկ ապրանքն է և պատերազմներ են գնում դրա համար, դրանցից շատերը մենք այստեղ ունենք և ամերիկյան TRIPP—ի ծրագիրը նաև հենց դրա համար է։ Այդ հանքերը պետք է շահագործվեն, և մենք հանքահումքային բան ենք տալու Միացյալ Նահանգներին, իսկ եթե սկսվի ուրանի արտադրությունը, դա մահաբեր է։

Ցավն այն է, որ այս ոգևորության արդյունքում ամենևին այս խոհանոցային բաները մեզ չեն ներկայացնում: Այդ հանքահանքային նյութերի տրամադրումը ԱՄՆ–ին հենց ԱՄՆ–ի շահերից է բխում, և Թրամբի ուղու բացումը Ադրբեջանի և Թուրքիայի միջև նպաստելու է այս խնդիրները լուծելուն։ Բոլոր այն երկրները, որոնք հումք են տալիս, նրանք երկրորդական, «ճ» կլասի երկրներ են»,– ընդգծեց ՀԱԿ փոխնախագահը։

Անդրադառնալով 9 մլրդ դոլարի շուրջ բարձրացված աղմուկին, Արամ Մանուկյանը նկատեց, որ 5 մլրդ–ի մասին Վենսը օգտագործել է «արտահանում» բառը, ոչ թե «ներդրում», ինչ վերաբերում է մյուս 4 մլրդ դոլարի երկարաժամկետ աջակցությանը, ապա, իր կարծիքով, խոսքը այն մասին է, որ ամերիկացիները ուզում են մեզ ուրան տրամադրել մոդուլային ատոմականների համար։