Հրազդանում ընթացող ընտրություններին մասնակցել է 25 հազար 386 մարդ, կամ գրանցված ընտրողների 57,86 տոկոսը: Քաղաքում գրանցված ընտրողների թիվը կազմում է 43 հազար 874 մարդ:

Այս պահին ընթանում է ձայների հաշվարկը: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ընդդիմադիր թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբից, թիվ 25/09 ընտրատեղամասում հանրապետական թեկնածու Արամ Դանիելյանի վստահված անձը փորձում է խոչընդոտել հաշվարկին: Նա գտնվում է ալկոհոլի ազդեցության տակ, եւ Միքայելյանի վստահված անձինք եւ դիտորդները արձանագրություն են կազմել:

Շտաբից հայտնեցին, որ քաղաքում մեծ քանակությամբ կարմիրբերետավորներ, ոստիկաններ կան, որոնք տարբեր տեղամասերում մոտենում են, փորձում են վտարել Սասուն Միքայելյանի վստահված անձանց, որոնք տեղամասերից դուրս` 50 մետր հեռավորության վրա, կանգնած հսկում են ընտրությունների ընթացքը:

Նշենք, որ թեկնածուները երկուսն են. գործող քաղաքապետ, հանրապետական Արամ Դանիելյանը, ում պաշտպանում է ՀՀԿ-ն, եւ «Սասուն» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը, ում պաշտպանում են ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը եւ «Ժառանգություն» կուսակցությունը:

Նշենք, որ Սասուն Միքայելյանը նախկինում եղել է ԱԺ պատգամավոր, 2008-ին նա սատարել է նախագահի թեկնածու, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, իսկ մարտի 1-ի դեպքերից հետո կալանավորվել էր ու դատապարտվել:

Նրա մրցակից Արամ Դանիելյանը Հրազդանը ղեկավարում է արդեն 12 տարի:

Նշենք, որ Հրազդան քաղաքում գրանցված ընտրողների ընդհանուր թիվը 43 հազար 874 է: