«Գեզանի» արևադարձային ցիկլոնը հարվածել է Մադագասկարի արևելյան ափին, ինչի հետևանքով հնդկական օվկիանոսի կղզի-պետության մեծությամբ երկրորդ քաղաքում ինը մարդ է զոհվել, իսկ քամու ուժգին պոռթկումներն ու անձրևները իրենցից հետո ավերածությունների հետքեր են թողել, հայտնում է Reuters-ը:

Մադագասկարի տարերային աղետների դեմ պայքարի վարչությունը հայտնել է, որ Տուամասինա նավահանգստային քաղաքի շրջանում 19 մարդ ստացել է վնասվածքներ և մոտ 1500 բնակիչ տարհանվել է՝ որպես նախազգուշական միջոց, այն բանից հետո, երբ «Գեզանի»-ն հարվածել է ափամերձ բնակավայրերին, ապա շարժվել երկրի խորքը:

ՄԱԿ-ի հումանիտար հարցերի վարչության տվյալներով՝ սա այս տարի Մադագասկարին հարվածած երկրորդ ցիկլոնն էր՝ «Ֆիտիա» արևադարձային ցիկլոնից 10 օր անց, որը 14 մարդու կյանք էր խլել և հանգեցրել ավելի քան 31,000 մարդու տեղահանմանը:

Իր զարգացման գագաթնակետին Գեզանին մոտ 185 կմ/ժ արագությամբ կայուն քամիներ է առաջցրել, որոնց պոռթկումները հասել են մինչև 270 կմ/ժ-ի։ Դրանք բավականաչափ հզոր են եղել տանիքների մետաղական ծածկերը պոկելու և մեծ ծառերն արմատախիլ անելու համար:

Ցիկլոնի «ժամանման» նախաշեմին իշխանությունները փակել են դպրոցները և շտապել պատրաստել վթարային ապաստարաններ։ Մադագասկարի Ռիսկերի և տարերային աղետների կառավարման ազգային բյուրոն ավելի վաղ զգուշացրել էր, որ Տուամասինայում ծովի մակարդակի բարձրացումն արդեն հանգեցրել է փողոցների հեղեղմանը: Տները փլուզվում էին քամու ճնշման տակ, տանիքները պոկվում էին, պատերը՝ փլվում, իսկ հարակից թաղամասերը հայտնվում էին խավարի մեջ՝ էլեկտրահաղորդման գծերի անջատման պատճառով։

Չորեքշաբթի առավոտյան Մադագասկարի օդերևութաբանական ծառայությունը հայտնել է, որ Գեզանին թուլացել է՝ վերածվելով չափավոր արևադարձային փոթորկի և տեղաշարժվել է դեպի արևմուտք՝ երկրի խորքը՝ մայրաքաղաք Անտանանարիվուից մոտ 100 կմ դեպի հյուսիս: