Ալբանիայի կառավարությունը կարող է զրկվել Դիելլա անունով «արհեստական բանականության նախարարի» (Diella, ալբաներենից թարգմանաբար՝ «արև») կերպարի իրավունքներից՝ պայմանագիրը խախտելու համար նախատիպի ներկայացրած դատական հայցի պատճառով, գրում է Politico-ն։
«Կարծում ենք՝ այս դատական հայցը աբսուրդ է, սակայն մենք ողջունում ենք դատարանում այդ հարցը մեկընդմիշտ լուծելու հնարավորությունը»,- պարբերականին ասել է կառավարության մամուլի խոսնակ Մանջոլի Հասան։
Նշվում է, որ Դիելլան ստեղծվել է դերասանուհի Անիլա Բիշիի կերպարի և ձայնի միջոցով՝ e-Albania կառավարական ծառայությունների պորտալով սահմանափակվող պայմանագրի շրջանակում։ Պայմանագրի ժամկետը լրացել է 2025 թվականի դեկտեմբերի 31-ին, ինչը Բիշիին դրդել է դատի տալ կառավարությանը և նախագծին մասնակցող մասնավոր ընկերությանը։ Իր դատական հայցում նա պնդում է, որ կառավարությունը շարունակել է օգտագործել իր կերպարը համաձայնեցված ժամկետից և շրջանակից դուրս՝ իրեն զգալի և անդառնալի վնաս պատճառելով։
Politico-ն, հղում անելով դատարանի փաստաթղթերին, ընդգծել է, որ Բիշան պահանջում է դատական արգելք, որը կկանխի իր պատկերի օգտագործումը մինչև գործի ավարտը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ալբանիան դարձել է աշխարհում առաջին երկիրը, որտեղ պետական գնումների համար պատասխանատու նախարարի պաշտոնը «վարելու է» արհեստական բանականության բազայի հիման վրա ստեղծված մոդելը։ Ըստ երկրի վարչապետի՝ դա անհրաժեշտ է «100% անկաշառ» համակարգ ստեղծելու համար։
Սակայն Ալբանիայի նախագահ Բայրամ Բեգայը «արհեստական բանականության նախարարին» չի հաստատել վարչապետ Էդի Ռամայի առաջադրած կաբինետի մյուս անդամների շարքում։ Ավելի ուշ վարչապետը ներկայացրել է Diella-ի «երեխաներին», որոնք պետք է ծառայեին որպես խորհրդարանի անդամների օգնականներ՝ ձայնագրելով խորհրդարանում տեղի ունեցող իրադարձությունները և տեղեկացնելով օրենսդիրներին բաց թողնված քննարկումների և միջոցառումների մասին։





























