Առնվազն 14 մարդ է ձերբակալվել Բուենոս Այրեսում՝ Արգենտինայի Կոնգրեսի շենքի մոտ փետրվարի 11-ին տեղի ունեցած աշխատանքային բարեփոխումների դեմ բողոքի ցույցերի ժամանակ։ Այս մասին հայտնել է TN հեռուստաալիքը։

Նախնական տվյալներով՝ ձերբակալվածները կասկածվում են իրավապահ մարմինների հետ բախումներին մասնակցելու մեջ։

Ինչպես հայտնել է անվտանգության նախարար Ալեխանդրա Մոնտեոլիվան, վիրավորումներ և վնասվածքներ են ստացել երեք ժանդարմ և մեկ ոստիկան: «Մենք կպարզենք մեր իրավապահ մարմինների աշխատակիցների վրա հարձակվածների ինքնությունը»,- գրել է նա X-ում: Մոնտեոլիվան բախումների պատասխանատվությունը բարդել է ձախակողմյան շարժումների ներկայացուցիչների մի փոքր խմբի վրա, որոնք, իշխանությունների կարծիքով, բողոքի ակցիային եկել էին անկարգություններ հրահրելու մտադրությամբ:

Բողոքի ակցիան հրավիրվել էր Արգենտինայի խոշորագույն արհմիությունների կողմից։ Մինչ այդ խաղաղ ընթացող մանիֆեստացիայի ժամանակ բախումները սկսվել են այն բանից հետո, երբ ցուցարարների մի խումբ սկսել է քարեր և այրվող խառնուրդով շշեր («Մոլոտովի կոկտեյլ») նետել խորհրդարանի շենքի առջև տեղադրված մետաղական վահանների հետևում կանգնած ոստիկանների ուղղությամբ։ Սկզբում ոստիկանները կիրառել են ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ, իսկ այնուհետև իրավապահ մարմինների աշխատակիցները մոտոցիկլետներով սկսել են ամբոխին հետ մղել հրապարակից։