Իրանի Իսլամական Հանրապետությունը այս 47 տարիների ընթացքում, չնայած որոշ թշնամական արարքներին և խոչընդոտներին, մեծ ձեռքբերումներ է արձանագրել տնտեսական ենթակառուցվածքների, գիտության, տեխնոլոգիաների, մշակույթային և գեղարվեստական, ինչպես նաև պաշտպանության ոլորտներում, ինչը մեր երկիրը որոշ բնագավառներում դասել է աշխարհի առաջատարների շարքերում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 12–ին, Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության ազգային տոնի, Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձին նվիրված արարողության ժամանակ նշեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։

««Ոչինչ, այդ թվում թշնամանքը, պատժամիջոցները և պատերազմների հրահրումը չեն խանգարել Իրանի ժողովրդին շարունակել իր առաջընթացի ուղին։ Մեր երկիրը վերջերս դժվարին օրեր է ապրել, երբ ժողովրդի արդարացի և օրինական բողոքի ցույցերն ու պահանջները կազմակերպված տարրերի կողմից շեղվեցին և վերածվեցին բռնության՝ արտաքին միջամտության համար պատրվակ ստեղծելու և երկիրը քաոսի մեջ գցելու համար։

Սակայն Իրանի վեհ ժողովուրդը, որը հզոր և պատմություն կերտող քաղաքակրթության ժառանգորդն է, ցույց տվեց, որ երբեք թույլ չի տա, որ ուրիշները վտանգեն իր անվտանգությունն ու ինքնությունը»,–ասաց նա։

Հիշեցնելով, որ այս տարի նշվում է Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձը, դեսպանն ասաց. «Իրանի Իսլամական Հանրապետությունը այն առաջին երկրներից էր, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը։ Իհարկե, Իրանի և Հայաստանի ժողովուրդների միջև բարեկամությունն ու կապը հազարամյակների պատմություն ունի, և այն, ինչ մենք այսօր տեսնում ենք, հենց այդ պատմական մշակութային և քաղաքակրթական կապի շարունակության դրսևորումն է։  Իրանի 150 հազարանոց հայ համայնքը և Իրանում գտնվող տասնյակ հայկական կարևոր սրբավայրերը վկայում են այս անքակտելի կապի մասին։

Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հարաբերությունների պատմության մեջ արդյունավետ ձեռքբերումներով լի տարի են արձանագրել: 2025 թվականը երկու երկրների միջև պատմական, եղբայրական և ռազմավարական հարաբերությունները լի էին դրական իրադարձություններով: Երկու երկրների պաշտոնյաների կարևոր փոխադարձ այցեր են տեղի ունեցել, որոնց գագաթնակետը 2025 թվականի օգոստոսին Իրանի նախագահ դոկտոր Թեզեշքիանի այցն էր Երևան։

Անցած տարվա ընթացքում արձանագրվել են կարևոր ձեռքբերումներ, ինչպիսիք են համագործակցության վերաբերյալ 12 հուշագրերի ստորագրումը՝ Իրանի նախագահի Երևան կատարած այցի ընթացքում:

Հանդիպումների, քաղաքական խորհրդակցությունների անցկացումը, պաշտպանական հարաբերությունների բարձր մակարդակով զարգացումը, միջազգային կազմակերպություններում և հարթակներում փոխադարձ աջակցությունը, անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռման հուշագրի նոր փաստաթղթի մշակումը, համատեղ հիպատոսական հանձնաժողովի 13-րդ նիստի անցկացումը, իրանական ընկերության կողմից Քաջարանի մեծ թունելի նախագծի մրցույթին հաղթող ճանաչվելը, 70 հոգանոց հայկական գործարար պատվիրակության ներկայությունը «Իրան Էքսպո 25» ցուցահանդեսում, ինչպես նաև Իրանի Ստամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ռազմավարական համագործակցության վերաբերյալ համապարփակ փաստաթղթի պատրաստումը, որը հուսով ենք՝ կստորագրվի ՀՀ վարչապետ մեծարգո պարոն Փաշինյանի 26 թվականի Թեհրան կատարվելիք այցի ընթացքում»,–ասաց դեսպանը։

Նա ընդգծեց, որ 2025–ի առաջին 11 ամիսների ընթացքում Իրանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության ծավալը, չհաշված պաշտպանական ոլորտը, հասել էր 698 միլիոն դոլարի, և երկու երկրների ղեկավարների կողմից նախանշված 3 միլիարդ դոլարին հասնելու տեսլականը դեռ առջևում է։

«Այսօր Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները հասունացման փուլ են թևափոխել, և երկու երկրների ղեկավարների միջև փոխադարձ վստահություն այդ հարաբերությունների և ռազմավարական գործընկերության հիմնական կապիտալն է։ Մենք պլանավորում ենք ինստիտուցիոնալացնել համապարփակ ռազմավարական գործընկերության շրջանակում, որպեսզի գործառնական ճանապարհային քարտեզի շրջանակում համագործակցության թե մասշտաբը, թե խորությունը լրջորեն ընդլայնվեն»,–ասաց Իրանի դեսպանը։