ԵՄ երկրների իրավապահ մարմինները և նրանց գործընկերները՝ Եվրոպոլի համակարգմամբ իրականացված գործողության շրջանակներում, կանխել են շուրջ 1,2 միլիարդ եվրո գումարի կեղծ թղթադրամների փոխանցումը։ Այս մասին ասված է գործակալության հայտարարության մեջ։
Ռումինիայի իշխանությունները ավելի քան 4,8 միլիոն կեղծ եվրո թղթադրամ են առգրավել և վերացրել մի պահեստ, որտեղ պահվում էր ևս 223 հազար կեղծ թղթադրամ, որոնք, ըստ հաղորդման, ուղարկվել էին Չինաստանից։ Բացի այդ, Պորտուգալիայում, Միացյալ Թագավորությունում և ԱՄՆ-ում իրականացված երեք առանձին գործողությունների ընթացքում առգրավվել է ավելի քան 220 հազար կեղծ գումար՝ եվրո, ֆունտ ստերլինգ և ամերիկյան դոլար։
Եվրոպոլի տվյալներով՝ 2025 թվականի հունիսից նոյեմբեր տևած գործողության ընթացքում իրավապահները առգրավել են կեղծ փողեր պարունակող 379 փոստային առաքանի։ Այս գործողությունները հանգեցրել են 70 քրեական գործերի հարուցմանը՝ ընդդեմ կեղծարարների խմբավորումների։ Ինչպես նշված է հայտարարության մեջ, ընդհանուր առմամբ որսացվել է ավելի քան 7 միլիոն կեղծ դրամական միավոր, այդ թվում՝ շուրջ 4,8 միլիոն եվրո թղթադրամ և մետաղադրամ, 2,3 միլիոն միավոր՝ ԱՄՆ դոլարով, ավելի քան 23 հազար՝ ֆունտ ստերլինգով և շուրջ 4,8 հազար՝ շվեյցարական ֆրանկով։
Գործողությանը մասնակցել են ԵՄ 14 երկրների իրավապահ մարմինները, ինչպես նաև նրանց գործընկերները Սերբիայից, Թուրքիայից, Միացյալ Թագավորությունից և ԱՄՆ-ից։ Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Եվրոպոլը, Եվրոպական կենտրոնական բանկի հետ համատեղ և Եվրահանձնաժողովի համակարգմամբ, մտադիր է ամրապնդել համագործակցությունը Չինաստանի իշխանությունների հետ՝ կեղծ արժույթի տարածման դեմ պայքարելու համար։





























