Ֆրանսիայի հարավին պատուհասած «Նիլս» փոթորիկը հանգեցրել է 850 հազար տնային տնտեսությունների հոսանքազրկման։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է «ԲՖՄ-ՏՎ» հեռուստաալիքը։

Ամենաբարդ իրավիճակը գրանցվել է Նոր Ակվիտանիա տարածաշրջանում, որտեղ առանց լույսի է մնացել 485 հազար տնային տնտեսություն, ինչպես նաև Օքսիտանիայում, որտեղ էլեկտրամատակարարումը բացակայում է 318 հազար բնակելի օբյեկտներում։

Նոր Ակվիտանիայում տարերային աղետի հետևանքով մեկ տղամարդ է զոհվել. նրա բեռնատարի վրա ծառ է ընկել։

Ֆրանսիայի 32 դեպարտամենտներում գործում է եղանակային վտանգի բարձր՝ «նարնջագույն» մակարդակի զգուշացում՝ պայմանավորված տեղատարափ անձրևներով և հեղեղումների ռիսկով։ Հինգ դեպարտամենտներում սահմանվել է «կարմիր»՝ եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակը՝ ձնահյուսերի սահքի, քամու ուժգնացման և ջրհեղեղների վտանգի պատճառով։

Անբարենպաստ եղանակը հանգեցրել է բազմաթիվ գնացքների չեղարկման և դժվարացրել երթևեկությունը ավտոճանապարհներին։ Բացի այդ, փակվել են Ալպերի մի շարք լեռնադահուկային հանգստավայրեր։

Հինգշաբթի գիշերը տարածաշրջանում քամու պոռթկումների արագությունը հասել է 162 կմ/ժ-ի: