Բելգիական ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել Եվրոպական հանձնաժողովի շենքում՝ անշարժ գույքի վաճառքի հնարավոր խախտումների հետաքննության շրջանակում, հաղորդում է Financial Times-ը։
Գործողությանը ծանոթ երկու անձինք հայտնել են, որ հինգշաբթի առավոտյան խուզարկություններ են անցկացվել Բրյուսելում տեղակայված Հանձնաժողովի տարբեր գրասենյակներում, դրանց թվում՝ բյուջետային դեպարտամենտնում։
Ըստ աղբյուրների՝ հետաքննությունը վերաբերում է ԵՄ անշարժ գույքի վաճառքին, որը տեղի է ունեցել հանձնաժողովի նախորդ մանդատի ընթացքում, երբ Յոհաննես Հանը բյուջետային հանձնակատարն էր։ Հանը պատասխանատու էր մինչև 2024 թվականը ԵՄ 1 տրիլիոն եվրոյի բյուջեի կառավարման համար։
Իր ժամկետի ավարտից հետո նա նշանակվել է Կիպրոսի հարցերով ԵՄ հատուկ բանագնաց։ Հետաքննությունը ղեկավարում է Եվրոպական դատախազությունը (EPPO) և վերաբերում է 23 շենքերի, որոնք 2024 թվականին Բելգիայի ինքնիշխան հարստության հիմնադրամ SFPIM-ը ձեռք է բերել 900 միլիոն եվրոյով։ Այդ ժամանակ հանձնաժողովը հայտարարել էր, որ վաճառքը կատարվել է ԵՄ ֆինանսական կանոնակարգերին համապատասխան։
«EPPO-ն կարող է հաստատել, որ ընթացիկ հետաքննության շրջանակում իրականացնում է ապացույցների հավաքման գործողություններ,- ասել է EPPO-ի ներկայացուցիչ Թին Հոլեվոետը: -Մենք այս փուլում չենք կարող որևէ լրացուցիչ տեղեկություն տրամադրել, որպեսզի չվտանգենք ընթացիկ ընթացակարգերը և դրանց արդյունքը»։
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը հայտարարել է, որ «շենքերի վաճառքը իրականացվել է սահմանված ընթացակարգերին և արձանագրություններին համապատասխան, և մենք վստահ ենք, որ գործընթացը պատշաճ կերպով է իրականացվել»։
Նա հավելել է, որ ԵՄ գործադիր մարմինը «այդ հարցում լիովին կհամագործակցի EPPO-ի և Բելգիայի իրավասու մարմինների հետ»։





























