Լոռիի մարզի Սպիտակ քաղաքում փետրվարի 12-ին կայացած քաղաքապետի ընտրություններում հաղթել է քաղաքապետի համար առաջադրված միակ թեկնածու, ՀՀԿ-ական Գագիկ Սահակյանը: Կենտրոնական ընտրական հանձանժողովից տեղեկանում ենք, որ ընտրություններին մասնակցել է 6947 ընտրող, Գագիկ Սահակյանը հավաքել է 13300 ընտրողներից 6783-ի ձայները: Թեկնածուին դեմ են քվեարկել 233 մարդ: Եվս 163 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
Հիշեցնենք, որ Սպիտակի քաղաքապետի համար իր թեկնածությունն էր առաջադրել նաեւ ՀՀՇ Սպիտակի տարածքային կառույցի ղեկավար Անանիկ Նիկողոսյանը, ով սակայն հունվարի 25-ին ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել: Ընտրություններին Գագիկ Սահակյանը դուրս էր եկել միայնակ, վստահ լինելով, որ հաղթելու է:
Նույն օրը համայնքի ղեկավարի ընտրություններ են կայացել նաեւ Լոռիի Չկալով եւ Բլագոդարնոյե գյուղերում: Բլագադարնոյե համայնքում գյուղապետի պաշտոնի համար պայքարել են նախկին գյուղապետ Մերուժան Ավետիսյանն ու Հրանտ Գեւորգյանը: Հաղթանակը տարել է նախկին գյուղապետը:
Իսկ Լոռիի մեկ այլ, Չկալով համայնքում գյուղապետի ընտրություններում իրենց թեկնածությունն են առաջադրել նախկին գյուղապետը եւ երկու այլ անձինք: Հաղթել է Չկալով համայնքի նախկին ղեկավար Վիլյուն Շաքարյանը, հավաքելով 113 ընտրողներից 37-ի ձայները:
Արարատի մարզի Դվին համայնքում ընտրվել է հանրապետական Արծրուն Աբրահամյանը: ԿԸՀ տվյալներով` նա ստացել է 718 ձայն: Նրա մրցակիցներ անկուսակցականներ Սեդրակ Մալխասյանն ու Համլետ Նազարյանը ստացել են համապատասխանաբար 615 եւ 337 ձայն:




























