Երեկ երեկոյան Արմավիրի մարզում՝ Նորապատ-Ալաշկերտ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով մահացած վարորդներից մեկը Նորապատ գյուղից էր։ 28–ամյա Տիտալ Խուդոյանը երեք անչափահաս երեխաների հայր էր։ Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց Նորապատի վարչական ղեկավար Սարգիս Արշակյանը։
«Տիտալի ծնողներն ու եղբայրն են Նորապատում ապրում, ինքը կնոջ ու երեխաների հետ տեղափոխվել էր Հոկտեմբերյան, ինչքան գիտեմ, վարձով էին ապրում։ Գյուղում գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ են զբաղվում, մեծ մեքենաներ ունեն, Տիտալն այդ մեքենան էր վարում նաև։ Շատ լավ մարդիկ են, Տիտալի հայրիկին եմ լավ ճանաչում»,–ասաց վարչական ղեկավարը՝ նշելով, որ չգիտի, ինչ հանգամանքներում է տեղի ունեցել վթարը, որտեղ էր գնում Տիտալը և ում հետ։
Վթարի հետևանքով մահացած մյուս վարորդը՝ Արման Մանուկյանն Արմավիր քաղաքից էր։
Նշենք, որ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզում՝ Նորապատ-Ալաշկերտ ավտոճանապարհին երեկ երեկոյան՝ ժամը 21-ի սահմաններում, բախվել են «Nissan» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ճանապարհի աջ և ձախ հատվածներում․ «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Nissan» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, իսկ «Ford» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացման ճանապարհին մահացել է։





























