«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանի աշխատասենյակում խուզարկությունն  իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեն։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին «Իզմիրլյան» ԲԿ–ից։

«Իրավապահներն առավոտից «Իզմիրյան» ԲԿ-ի տնօրենի` Արմեն Չարչյանի աշխատասենյակում են, աշխատասենյակի դուռը փակ է: Չգիտենք` որ մարմինն է իրականացնում գործողությունները»: Այս մասին NEWS.am-ի հետ զրուցում ասաց ԲԿ-ի մամուլի խոսնակ Աննա Դեմիրճյանը:

Նա նշեց, որ Արմեն Չարչյանն այսօր վիրահատություններ պետք է իրականացներ, դրանք կիրականացվեն այլ մասնագետների կողմից:

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին՝ Վարդանանց քաջերի հիշատակության օրը, պրոֆեսոր Արմեն Չարչյանը գրառում էր կատարել՝ նշելով, որ նաև Ամենայն հայոց կաթողիկոսի անվանակոչության օրն է։ Բժիշկը գրել էր, որ «Իզմիրլյան» ԲԿ-ի անձնակազմի և իր անունից իր խորոց սրտի շնորհավորում են Ամենայն հայոց հայրապետի անվանակոչության տոնը՝ մաղթելով ազգային իղձերի իրականացման համար կորով և քաջառողջ կյանքի երկար տարիներ՝ ի փառս Աստծո, ի պայծառություն եկեղեցու, ի շինություն մեր հայրենիքի։

Չարչյանը նաև նշել էր, որ Տիրոջից հայցում են՝ հաստատուն պահի հովվի հայոց հոտը Վարդանանց ոգով և քաջությամբ։