Քրեական վարույթը վերաբերում է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելուն ու փողերի լվացմանը։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 13–ին, Լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ անդրադառնալով վաղ առավոտից «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակի խուզարկությանը։

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում նաև «Իզմիրլյան» ԲԿ փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակում։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր վաղ առավոտից իրավապահները խուզարկում են «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակը։

«Իրավապահներն առավոտից «Իզմիրյան» ԲԿ-ի տնօրենի` Արմեն Չարչյանի աշխատասենյակում են, աշխատասենյակի դուռը փակ է: Չգիտենք` որ մարմինն է իրականացնում գործողությունները»,– NEWS.am-ի հետ զրուցում ասել է ԲԿ-ի մամուլի խոսնակ Աննա Դեմիրճյանը: Նա նշել է, որ Արմեն Չարչյանն այսօր վիրահատություններ պետք է իրականացներ, դրանք կիրականացվեն այլ մասնագետների կողմից:

ՔԿ–ից այս առնչությամբ միայն նշել էին. «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են քննչական գործողություններ»։