Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն պատկանող «Իզմիրլյան» ԲԿ-ում ընթացող խուզարկությունը նիկոլական ռեժիմի հերթական ռեպրեսիան է մեր Մայր Եկեղեցու դեմ, ու այն ոչ մի կապ չունի իրավունքի գերակայության ու օրինականության հետ։
Գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Ցավով պետք է արձանագրեմ, որ մեր երկրում «իրավապահ» մարմիններն ամբողջությամբ վերածվել են իշխող քաղաքական ուժի ու անձամբ դրա ղեկավարի նեղ շահերը սպասարկող քաղաքական կառույցների։ Այդ մարմինների աշխատանքում «իրավունքի շահ» կոչվածը գնալով մոմի պես հալչում է։ Այլ կերպ՝ օրենքի ձևական, ընթացակարգային կողմը պահում են, բայց բովանդակային, արժեքային կողմը ոչ մի կապ չունի բուն իրավունքի հետ - փաթեթի վրա գրված է «կոնֆետ», բայց մեջը ինչ-որ աղտեղ բան է։ Ու դրա մասին վկայող փաստերը անթիվ-անհամար են։
Ուստի արդեն հիմա՝ անգամ Քննչականի պարզաբանումները չլսելով, կարելի է փաստել, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն պատկանող «Իզմիրլյան» ԲԿ-ում ընթացող խուզարկությունը նիկոլական ռեժիմի հերթական ռեպրեսիան է մեր Մայր Եկեղեցու դեմ, ու այն ոչ մի կապ չունի իրավունքի գերակայության ու օրինականության հետ»։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր վաղ առավոտից իրավապահները խուզարկում են «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակը։
«Իրավապահներն առավոտից «Իզմիրյան» ԲԿ-ի տնօրենի` Արմեն Չարչյանի աշխատասենյակում են, աշխատասենյակի դուռը փակ է: Չգիտենք` որ մարմինն է իրականացնում գործողությունները»,– NEWS.am-ի հետ զրուցում ասել է ԲԿ-ի մամուլի խոսնակ Աննա Դեմիրճյանը: Նա նշել է, որ Արմեն Չարչյանն այսօր վիրահատություններ պետք է իրականացներ, դրանք կիրականացվեն այլ մասնագետների կողմից:
ՔԿ–ից այս առնչությամբ միայն նշել էին. «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են քննչական գործողություններ»։





























