Ֆրանսիայի հարավ-արեւմուտքում մոտ 450 հազար տնային տնտեսություններ մնացել են առանց էլեկտրաէներգիայի այն բանից հետո, երբ «Նիլս» փոթորիկը հարվածել է տարածաշրջանին, ուրբաթ հաղորդել է Le Figaro թերթը։
Էլեկտրաէներգիայի բաշխման Ֆրանսիական Enedis ընկերությունը հայտնել է, որ ուրբաթ առավոտյան իր տեխնիկները վերականգնել են էլեկտրաէներգիան նախորդ օրն անջատված 900 հազար հաճախորդների մոտավորապես կեսի համար։
Ընկերությունն ավելացրել է, որ խնդիրը լուծելու համար գործի է դրվել 3 000 մասնագետ։
Նուվել-Ակվիտանիա եւ Օքսիտանիա շրջաններն ամենաշատն են տուժել։
Ֆրանսիական օդերեւութաբանական ծառայության տվյալներով՝ «Նիլս»-ը հասել է Կորսիկա եւ սկսել է աստիճանաբար թուլանալ։ Ուրբաթ գիշերը քամու պոռթկումները հասել են 170 կմ/ժ-ի։
Միեւնույն ժամանակ, Լոտ ի Գարոն եւ Ժիրոնդ դեպարտամենտները հայտարարել են հնարավոր ամենաբարձր՝ կարմիր եղանակային տագնապի մակարդակ՝ ջրհեղեղի պատճառով։ Ֆրանսիական Ալպերի չորս դեպարտամենտներում գործում է ձնահոսքի բարձր ռիսկի մակարդակ։




























