Իլհամ Ալիևը կարող է ավելի շատ աջակցել Փաշինյանին, որպեսզի նրա դիրքերն ամրապնդվեն Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների ժամանակ, NEWS.am-ի «ՈւԺԻ ԳՈՐԾՈՆ» հաղորդման եթերում նման կարծիք է հայտնել ամերիկյան հեղինակավոր ուղեղային կենտրոններից մեկի՝ Ատլանտյան խորհրդի (Atlantic Council) Եվրասիայի կենտրոնի տնօրեն, Ուզբեկստանում (2000-2003) և Ուկրաինայում (2003-2006) ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբսթը։

«Ես արդեն ավելի քան 30 տարի ուսումնասիրում եմ Հարավային Կովկասի տնտեսությունն ու քաղաքականությունը, և կարող եմ ասել, որ այս ողջ ընթացքում Փաշինյանը Հայաստանի երկրորդ ղեկավարն է, ով այսքան շատ հետարքրքված է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմամբ։ Կարծում եմ` Բաքվում և Անկարայում հասկանում են սա և հենց այդ պատճառով էլ աջակցում են նրան»,- նշեց պաշտոնաթող դիվանագետը՝ ասելով, որ այդ նույն պատճառով էլ ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը բացահայտ աջակցություն հայտնեց Փաշինյանին Երևանում։

Ըստ նրա՝ Ալիևը, այդուհանդերձ, ավելի շատ կարող է աջակցել Փաշինյանին, քան այսօր, և դրա լավագույն տարբերակը խաղաղության պայմանագիրը հիմա՝ նախքան ընտրությունները ստորագրելը կլինի։

«Հիանալի կլիներ, եթե Հայաստանն ու Ադրբեջանը հենց հիմա կնքեին և վավերացնեին խաղաղության պայմանագիրը։ Այո, Բաքուն պահանջներ ունի այս հարցում, բայց եթե Ալիևն ուզում է իսկապես օգնել Փաշինյանին, կարող է միանգամից գնալ այդ քայլին։ Այդ դեպքում իսկույն ճանապարհ կբացվի նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագրի համար։ Այդ դեպքում Փաշինյանի դիրքերն ավելի կամրապնդվեին»,- ընդգծել է Հերբսթը։